Խաղաղությունն առավել քան բարձրագույն արժեք է, բայց ոչ ցանկացած գնով. Սենոր Հասրաթյան


Խաղաղությունն առավել քան բարձրագույն արժեք է, բայց ոչ ցանկացած գնով. Սենոր Հասրաթյան
Սեպտեմբեր 3 23:23 2026

«1981-82 թվականներին ԱՄՆ պետքարտուղար Ալեքսանդր Հեյգը, խոսելով ժողովրդավարական արժեքների մասին, ասել էր․ «Կան բաներ, որոնք ավելի թանկ են, քան խաղաղությունը», իսկ հետո պարզաբանել՝ «Ազատությունն ավելի թանկ է, քան խաղաղությունը»,-«Խաղաղություն՝ արդարության հենքով» վերտառությամբ գրառման մեջ ասում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը՝ շարունակելով.

«Այսօր հայ հասարակության մտածող շերտի համար խաղաղությունն առավել քան բարձրագույն արժեք է, բայց ոչ ցանկացած գնով և ոչ ազատության, արժանապատվության ու անվտանգության հաշվին։

Հայ-ադրբեջանական իրական և տևական խաղաղությունը չի կարող լիարժեք լինել, եթե դրա օրակարգից դուրս են մնում Արցախից բռնատեղահանված շուրջ հարյուր հիսուն հազար հայերի իրավունքները, անվտանգ ու արժանապատիվ ապագայի հարցը և նրանց օրինական պահանջները:

Խաղաղությունը չի կարող պարզապես պատերազմի ավարտ կամ սահմանին կրակոցների բացակայություն լինել․ այն պետք է հիմնված լինի անվտանգության, իրավունքների, արժանապատվության և արդարության վրա։

Արժանապատիվ ՀԱՅԸ խաղաղության կողմնակից է, բայց այնպիսի խաղաղության, որը ոչ թե կվարագուրի անցյալի խնդիրները, այլ կապահովի, որ դրանք այլևս երբեք չդառնան նոր պատերազմի պատճառ»։