Ռուսական կողմի հասցեին հայկական կողմի որոշ վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք են առաջացնում. Լավրով


Ռուսական կողմի հասցեին հայկական կողմի որոշ վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք են առաջացնում. Լավրով
Օգոստոս 28 09:36 2026

Ռուսական կողմի հասցեին հայկական կողմի որոշ վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք և «կրծքում էմոցիաներ» են առաջացնում, ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք փոխվարչապետերի մակարդակով կանոնավոր շփումներ ունենք։ Հայերին հետաքրքրող ցանկացած հարց կարելի է քննարկել, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված իրավիճակը, որը գտնվում է «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարման ներքո։ Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը... Եթե նույնիսկ դրանք ծագել են, պատմիր քո գործընկերոջը, թե ինչ ես մտածում այդ մասին»,- ասել է նախարարը։

 

«Սակայն դրա փոխարեն հայկական կողմից հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, թե դա ընդհանրապես իրենցն է, և ընդհանրապես մենք իրենց 2 միլիարդ ենք պարտք։ Հասկանում եմ, որ դա, տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից բացի, կրծքում էմոցիաներ է առաջացնում մեր քաղաքացիների մոտ։ Ես բացառություն չեմ»,- նշել է Լավրովը։

 

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես Հայաստանի հետ հարաբերություններում թույլ չտալ նույն սխալները, ինչպես դա եղավ Ուկրաինայի պարագայում, նախարարն ընդգծել է, որ ռուսական կողմից ամեն ինչ արված է։

 

«Մեր բոլոր դիրքորոշումները և այն առավելությունները, որոնք Հայաստանն ստանում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից՝ մեզնից էներգակիրներ ստանալով 3-4 անգամ ավելի էժան, քան Եվրոպական միության գներն են։ Ելնում եմ այն կանխադրույթից, որ այնտեղ լավ տնտեսագետներ կան»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։