ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ Երևանում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում և Իջևանում նախատեսված տոնական միջոցառումների համար կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 326 մլն 969,8 հազար դրամ կհատկացի։
ԿԳՄՍ նախարարության նախագծի համաձայն` ամենամեծ գումարը՝ 1 մլրդ 31 մլն 453,5 հազար դրամ, նախատեսվում է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելիք գլխավոր տոնական միջոցառման համար։ Ակնկալվում է շուրջ 40 հազար հանդիսատես։
Հանրապետության հրապարակում ծրագիրը բաղկացած կլինի երկու մասից՝ պատմամշակութային ներկայացումից և համերգից։ Ներկայացման հիմքում «Հազարան բլբուլ» հեքիաթի և առասպելի մոտիվներով մշակված կոնցեպտն է։
Համերգին նախատեսվում է Թաթա Սիմոնյանի, Արման Հովհաննիսյանի, Իվետա Մուկուչյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Գևորգ Հակոբյանի, Արամ MP3-ի, «Կարեն-Սևակ Բենդ»-ի և այլ կատարողների մասնակցությունը։ Կմասնակցեն նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։
Մյուս միջոցառումները նախատեսված են մարզերում.
Կապան — 81 մլն 672 հազար դրամ։ Սեպտեմբերի 19-ին կանցկացվի «Անկախության օրը Կապանում» համերգը՝ «Լավ էլի», «Ռեինկարնացիա» և «Նեմրա» խմբերի մասնակցությամբ։ Սպասվում է 10–12 հազար հանդիսատես։
Վանաձոր — 95 մլն 430,7 հազար դրամ։ Սեպտեմբերի 18-ին նախատեսված է «Սիմֆոնիկ Ռոք» համերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի մասնակցությամբ։ Սպասվում է 4–5 հազար հանդիսատես։
Գյումրի — 83 մլն 922,6 հազար դրամ։ Կանցկացվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Անկախության սիմֆոնիա» համերգը՝ շուրջ 7 հազար հանդիսատեսի համար։
Իջևան — 34 մլն 491 հազար դրամ։ Սեպտեմբերի 21-ին քաղաքի կենտրոնական՝ Շատրվանների հրապարակում կանցկացվի «Անկախության ռիթմը Իջևանում» համերգը։ Նախատեսվում է շուրջ 3 հազար հանդիսատեսի ներկայություն։










