Այն, որ բանակում մшhերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում. Սուրեն Պապիկյան


Այն, որ բանակում մшhերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում. Սուրեն Պապիկյան
Օգոստոս 24 15:31 2026

«Իհարկե, ինտենսիվության հետ կապված  ես չեմ կարող գնահատական տալ, թե որն է պատճառը, որ այս կարճ ժամանահատվածում ունենք նման խտություն, բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ Զինված ուժերում վերջին 10 օրում երեք զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։

Նա շարունակեց. «Իհարկե, ես միշտ հեռու եմ եղել մտքից, որ մենք այս հարցին պիտի նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքը, անցյալը, բանակի պատմությունը որոշակի վիճակագրություն է ենթադրում։ Հայաստանի բանակի պատմության ողջ ընթացքում սպանության, ինքնասպանության դեպքեր եղել են մշտապես»։ 

Պապիկյանը ներկայացրեց 2015 թվականից 2026 թվական բանակում գրանցված ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու, սպանության դեպքերի վիճակագրություն. «2015 թվականի դեպքերի թիվը եղել է 7, բայց 2016 թվականին, հավանաբար Ապրիլյան պազերազմից հետո, թիվը դարձել է 19։ 2017 թվականին արձանագրվել է 13 դեպք, 2018-ին՝ 12, 2019-ին՝ 11, 2020-ին՝ 10, 2021-ին՝ 10, 2022-ին՝ 8, 2023-ին՝ 9, 2024-ին՝ 11, 2025-ին՝ 2, 2026-ին՝ 8։ 

Սա վիճակագրություն է այն մասին, որ վերջին տաս տարում այդ թվերը և մեծացել են, և պակասել են, ունեն տարբեր պատճառներ։ Իհարկե, դեպքերի մի մասը ոչ կանոնադրական  հարաբերությունների հետևանք է, մի մասը՝ քրեական ենթամշակույթի հետևանքն է»։ 

Նա նշեց, որ կարող են արձանագրվել նաև մահվան դեպքեր զորավաժարանում պայթունի հետևանքով, հիվանդության, էլեկտրահարման, ավտովթարի հետևանքով. «Ի դեպ, ավտոթվարի դեպքեր կարող են արձանագրվել նաև քաղաքացիական մեքենայով ազատ հերթափոխի ժամանակ և այլն»։ 

Ինչ վերաբերում է իր՝ զորամասեր այցելելուն, Պապիկյանն ասաց. «Այցերի ընթացքում իմանում եմ բաներ, որոնց մասին զեկույցների ընթացքում չեմ իմանում։ Ինձ համար անում եմ բացահայտումներ, հետևություններ»։

Նա հայտարարեց, որ Հայաստանի բանակը շարունակելու է սպառազինվել և արդիականացվել։