Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը վերջին խորհրդարանական ընտրություններում նոր թափ է հաղորդում ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «The Washington Times»-ը։
«Նախագահ Դոնալդ Թրամփն անցած օգոստոսին Սպիտակ տանը մեկ սեղանի շուրջ բերեց Հայաստանին և Ադրբեջանին՝ օգնելով տարիներ շարունակ փակուղում գտնվող բանակցությունները վերածել խաղաղության պահպանման և տարածաշրջանային առևտրի զարգացման շրջանակի։ Գործընթացի առանցքային բաղադրիչը Խաղաղության և բարգավաճման միջազգային տրանսպորտային ուղու (TRIPP) շրջանակն է, որը նախատեսում է Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով և որը Հայաստանը կդարձնի Կասպից ծովի տարածաշրջանի ու Եվրոպայի միջև կարևոր տարանցիկ հանգույց»,-նշված է հոդվածում։
«The Washington Times»-ը գրում է, որ TRIPP-ը կարող է զգալի օգուտներ բերել Հայաստանին։ Մասնավորապես, այն կօգնի երկրի՝ ծովային ելք չունենալու հանգամանքը վերածել տնտեսական առավելության՝ խթանելով ներդրումները և նվազեցնելով տրանսպորտային ծախսերը։ Միաժամանակ նախագիծը կարող է նպաստել խաղաղության պահպանմանը՝ Հայաստանի հարևանների համար ստեղծելով տնտեսական և գործնական շահագրգռվածություն այն հաղորդակցության ուղիների նկատմամբ, որոնք մնալու են Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։
«TRIPP-ը նաև կամրապնդի ԱՄՆ-ի դերը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում՝ առանց ամերիկյան զորքերի տեղակայման կամ երկարաժամկետ ֆինանսական աջակցության անհրաժեշտության։ Նոր տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծումը կարող է նաև առևտրային հնարավորություններ ստեղծել ամերիկյան ընկերությունների համար։ Այս առավելությունները նշանակալի են և արժանի են աջակցության»,-գրում է պարբերականը։
Անդրադառնալով խաղաղության գործընթացին, թերթը նշում է, որ այդ գործընթացը չի կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրա հետևում կան չլուծված խնդիրներ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած վերջնական պայմանավորվածություն պետք է ներառի 19 հայ գերիների ազատ արձակման հարցի լուծումը։ TRIPP-ի և ավելի լայն խաղաղության օրակարգի հաջողությունը մեծապես կախված է կողմերի միջև վստահության ձևավորումից։ Այդ վստահությունը դժվար է կառուցել, երբ ընտանիքները շարունակում են սպասել իրենց հարազատների վերադարձին։ Հետևաբար, նախագահ Թրամփը կարող է ոչ միայն աջակցել TRIPP-ի տնտեսական և ռազմավարական նպատակներին, այլև իր ազդեցությունն օգտագործել՝ պահանջելու 19 գերիների ազատ արձակումը։ Դա խաղաղության գործընթացը կդարձնի ոչ միայն տնտեսական և աշխարհաքաղաքական, այլև մարդասիրական առումով ավելի ամբողջական։ Խաղաղության ճանապարհը պետք է բաց լինի ոչ միայն ապրանքների և մարդկանց տեղաշարժի, այլև այն մարդկանց վերադարձի համար, որոնց ընտանիքները տարիներ շարունակ սպասում են նրանց»,-հավելել է «The Washington Times»-ը։










