Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ


Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ
Օգոստոս 22 11:10 2026

Նախօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն էր։ Վեհափառ Հայրապետն այսօր երախտագիտություն է հայտնում ստացած շնորհավորանքների ու մաղթանքների համար.

«Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր ի հայրենիս և ի սփյուռս,

Երախտագետ սրտով Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ձեզ Մեր ծննդյան տարեդարձի առիթով հղած ջերմ շնորհավորանքների, անկեղծ մաղթանքների և զորակցության խոսքերի համար։

Գոհություն և փառք Երկնավորին, որ շնորհը պարգևեց Մեզ ծառայելու Իր Սուրբ Եկեղեցուն, ընտրյալ մեր ազգին և Տերունադրոշմ հայրենիքին՝ մշտապես ունենալով զորակցությունը բարեպաշտ մեր ժողովրդի, մեր հոգևորականաց և բարերար հայորդիների։

Ազգովի փորձությունների միջով ենք անցնում, սակայն, վստահ ենք, որ ամուր հավատով և միասնականությամբ կարող կլինենք հաղթահարել կյանքի բոլոր նեղությունները՝ ապավինելով սուրբգրային ճշմարտության․ «Երանի՛ այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է, երանի՛ այն ժողովրդին, որին ընտրեց իբրև իրեն ժառանգություն» (Սաղմ․32․12)։

Մեր հանապազ հայցն է առ Աստված, որ խաղաղ ու ապահով պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը, պայծառ՝ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, օրհնելով օրհնի, առաջընթաց և շնորհառատ կյանք պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին»։