ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան հոբելյանի առթիվ.
«Թող Աստված Իր օրհնությամբ զորավիգ լինի Ձերդ Սրբությանը՝ Ձեր բարձր ու նվիրական ծառայության ճանապարհին պարգևելով հոգևոր անսպառ զորություն, քաջառողջություն, իմաստություն և տոկունություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի համար այս փորձություններով ու դժվարություններով լի ժամանակներում հավատքի մեջ ամրացնելու, հույսով զորացնելու և սիրո մեջ միավորելու մեր ժողովրդին, առաջնորդելու մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին միաբանության և համերաշխության ճանապարհով:
Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության, հայ ժողովրդի հոգևոր ինքնության և դարավոր մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության գործում»,- ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:










