«Այս ռեժիմը լեգիտիմ չէ։ Երբ ռեժիմը հասկանում է, որ հանրության մեծամասնության աջակցությունը չունի, իշխանությունը պահելու համար պետք է գնա բռնարարքների։ Այս ռեժիմը հիմնված է ուժի վրա»,- Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի և մյուս քաղբանտարկյալների ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա նշեց, որ այս իշխանությունն իր գոյությունը պահպանելու համար պետք է դիմի բռնարարքների և ստեղծի վախի մթնոլորտ. «Այս ընտրություններից հետո այս ամենը պետք է խորանար, պետք է սահմանափակվի ազատ խոսքն, արդեն հարձակման տակ են լրատվամիջոցները»։
«Այս իշխանությունից առաջին հերթին տուժելու են նրանք, ովքեր ձայն են տվել հենց այս իշխանությանը»,- ասաց քաղաքագետը։ Ստեփան Դանիելյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը, եթե նայում են քարտեզին, երկու ճանապարհ ունի՝ կամ ԵԱՏՄ երկրների հետ ինտեգրվի, կամ Թուրքիա-Ադրբեջանի հետ ինտեգրվի. «Հիմա եռյակ է ստեղծվել՝ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան. այն բոլոր «բարեփոխումները», որոնք կատարում են, այդ ուղղությամբ են գնում, նույնիսկ հիմա արդեն առանձնապես Վրաստանի վրա ուշադրություն չեն դարձնում։ Զարգանում է Թուրքիա-Ադրբեջան կապը։ Հիմա եթե պայքարում են Ռուսաստանի դեմ, այսինքն գնում են դեպի Թուրքիա. որն է լավ, որն է վատ, թող մեր քաղաքացիներն իրենք որոշեն»։










