Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց։ Աուդիո հաղորդագրությունը NEWS.am-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով, որը ներկայացնում ենք ստորև.
«Թանկագին հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, քույրեր և եղբայրներ, աշխարհասփյուռ հայություն, այլազգի մեր բոլոր քույրեր և եղբայրներ, բարի կամքի մարդիկ, դուք գիտեք, որ ավարտվեց, այսպես կոչված, մեր դատավարության նաև վերաքննիչ փուլը։ Դե ինչ դատավարություն, սա մի թատրոն էր, որի սցենարը գրված էր նախօրոք։ Նույնիսկ չհամարձակվեցին տարրական սխալները շտկել։ Օրինակ, վերջին նիստում ներկայացնելով ներկաներին, երբ թողեցին այդ վճռները ուժի մեջ, իմ պաշտպաններին ներկայացրեցին հին կազմով, այն դեպքում, երբ նրանք փոխվել էին այս դատավարության ժամանակ։ Այսինքն ոչ միայն հարկ չհամարեցին ստուգել, այլ նաև չհամարձակվեցին փոխել նախօրոք գրված սցենարը, նույնիսկ շտկել այն սխալները, որ այնտեղ կան։
Սա զուտ ֆորմալ մի փուլ էր, որը պետք է անցնեինք, որպեսզի հետագայում այն օգտագործենք միջազգային դատարան դիմելու համար։
Վերաքննիչ դատարանում գործընթացին քաղաքացիներ չէին մասնակցում, այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանում մոտ 200-300 հոգի ամեն անգամ ներկա էին։ Իհարկե, նրանք բոլորը սելեկտիվ ձևով էին բերվում, հատուկ ավտոբուսներով։ Բացի դրանից, որոշ տվյալներով նրանք նաև լավ վարձատրում էին, բայց այս անգամ չկար ոչ մեկը։ Պատճառներից մեկը այն է, որ այդ մարդիկ տեսնում էին՝ ինչպիսի չարաշահումներ են կատարվում այնտեղ, տեսնում էին իրենց կողմի թույլ դիրքերը, մեր ինքնապաշտպանությունը, մեր համառությունը, այդ ինքնապաշտպանության որակը, և բնական է այս ամենը ուզած–չուզած ներթափանցում է նաև իրենց հասարակություն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։










