Խանջյան գյուղում բողոքի ակցիա իրականացնող բնակիչները, որոնք իրենց բերքը չեն կարողանում իրացնել, հանդիպել են Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նրանք մարզպետին են ներկայացրել անհանգստացնող խնդիրները։
«30 դրամով այս պահին գործարանն է ընդունում բերքը, 100 դրամ ֆուռ տանողն է ընդունում այս րոպեին»,- ասել է տեղի բնակիչներից մեկը։
Մարզպետն արձագանքել է. «Հիմա, որ չրանոցն առավ, մի ֆուռին 100 դրամով չե՞ս տալու, ֆուռն ասելու է՝ արի 150 դրամով տուր։ Եղբա՛յր, իմ ու քո խնդիրը քո բերքը վաճառելն է, իմ ու քո գործը չի, թե էդ ապրանքն առնում, տանում՝ ինչ է անում»։
Իրավիճակը մի պահ լարվել է, հավաքվածները սկսել են չլսել մարզպետին, և աղմուկ է առաջացել։ Հավաքվածներից մեկն էլ ասել է, որ չրագործները ցանկանում են աշխատել իրենց պայմաններով, ոչ թե այն պայմաններով, որոնք առաջարկում է մարզպետարանը։
Ինչ վերաբերում է այսօր արված հայտարարությանը, որ խանջյանցիները պատրաստվում են վաղը ճանապարհ փակել, մարզպետն ասել է, որ դրա կարիքը չկա, քանի որ հարցը լուծված է։
«Հավաքվել, փողոց փակելու կարիք չկա, խնդիրը լուծված է, մեր ժողովրդի բերքն իրացվել է։ Ժողովուրդը կարող է 500 դրամ էլ ասի, այդպես չի լինում»,- ասել է նա։










