Հայաստանի Հանրապետությունը 2026 թվականին հյուրընկալելու է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Ներկայումս ակտիվ ընթացքի մեջ են կազմակերպչական աշխատանքները։ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Կառավարությանը ներկայացրեց որոշման նախագիծ՝ ի հավելումն ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի 981-Ն որոշման, որով միջոցներ են հատկացվել միջոցառման կազմակերպման համար։
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագծին:
«Քանի որ կազմակերպչական ծախսերը նախապես մանրամասն նկարագրել և հաշվարկել հնարավոր չէ, ուստի համաժողովի կազմակերպիչների հետ կնքվել են շրջանակային պայմանագրեր։ Կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ՀՀ-ի և ՄԱԿ-ի միջև կնքված հյուրընկալող երկրի համաձայնագրի համաձայն։
Նախագծով ներկայացված համաձայնագրի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2 մլրդ 640 մլն դրամ, որի շրջանակներում կազմակերպիչն ապահովելու է համաժողովի անցկացման համար միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ընդհանուր 5400 քմ տարածքով 4 վրանների վարձակալությունը, ինչպես նաև ձեռք են բերվելու կահույք, սարքավորումներ և տրանսպորտի ծառայություններ»,- ասաց նախարարը։
«Եթե ճիշտ եմ հասկանում, այդ մասշտաբի միջոցառում մեր երկրում նախկինում երբեք տեղի չի ունեցել։ Մենք պատրա՞ստ ենք կամ հոկտեմբերի 1-ին պատրաստ կլինե՞նք ամբողջ ծավալով»,- հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պարոն վարչապետ, ճիշտ եք հիշում։ Ոչ, ծավալներով, այսինքն՝ մասնակցության թվով, մենք նման մասշտաբի միջոցառում Հայաստանում չենք անցկացրել, նաև գլոբալ հարթակի նախագահության նման կարգավիճակ չենք ունեցել, որովհետև կա թյուրըմբռնում, որ մենք ուղղակի հյուրընկալում ենք COP-ը, այնինչ՝ մենք հյուրընկալում ենք COP-ը և ևս 2 տարի ժամկետով՝ մինչև 2028 թվականի հոկտեմբերը, նախագահելու ենք։ Հայաստանը արդեն իսկ համարվում է ամենակենսաբազմազան երկրներից մեկը աշխարհում և կենսաբազմազանության օջախներից մեկն է առհասարակ։ Բայց COP-ը հյուրընկալելով և նախագահելով՝ մենք կդառնանք գլոբալ որոշումների կայացման կենտրոններից մեկը»,-ասաց Մաթևոսյանը։










