Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ


Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Օգոստոս 10 15:25 2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 10-ի որոշմամբ Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ:

 

Ծնվել է 1986 թ. մայիսի 3-ին Հայաստանում:

 

Կրթություն

 

2003–2009 թթ. սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ներկայիս՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) ճարտարապետության ֆակուլտետում՝ ստանալով ճարտարապետի որակավորում:

 

2009–2011 թթ. սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում:

 

2011–2012 թթ. կրթություն է ստացել Կոլումբիայի համալսարանի (ք. Նյու Յորք, ԱՄՆ) ճարտարապետության, պլանավորման և պահպանության ֆակուլտետում՝ ստանալով գիտությունների մագիստրոսի աստիճան «Առաջադեմ ճարտարապետական նախագծում» մասնագիտությամբ:

 

2012–2014 թթ. Կոլումբիայի համալսարանի նույն ֆակուլտետում ստացել է գիտությունների մագիստրոսի երկրորդ աստիճանը «Քննադատական, համադրողական և հայեցակարգային գործունեություն» մասնագիտությամբ:

 

Աշխատանքային գործունեություն

 

2014–2015 թթ. ԱՄՆ Նյու Յորք քաղաքում աշխատել է որպես ճարտարապետ «Ստուդիո Էմ Դի Էյ» ընկերությունում:

 

2014–2015 թթ. ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Կոլումբիայի համալսարանում եղել է ճարտարապետության, պլանավորման և պահպանության հրավիրյալ և ասոցացված դասախոս:

 

2018–2020 թթ. ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի Մինեսոտայի համալսարանում ստանձնել է ճարտարապետության «Քես Գիլբերտ» անվանական դասախոսի պաշտոնը, հանդիսացել ղեկավար խորհրդի անդամ՝ մագիստրոսական ծրագրում մշակելով և դասավանդելով քաղաքաշինության, ճարտարապետական նախագծման և տեսության դասընթացներ:

 

Վերադառնալով Հայաստան՝ 2015–2018, ապա 2020–2026 թթ. նախաձեռնել է անկախ նախագծահետազոտական գործունեություն (vahanmisakyan.com)՝ ծավալելով աշխատանքներ հետևյալ ուղղություններով.

 

«Ամպ» արվեստանոցի շրջանակում (ampstudio.am) իրականացրել է ճարտարապետական և քաղաքաշինական նախագծեր, Երևանի պատմական քաղաքային հյուսվածքի կառուցվածքային հետազոտություններ, որոնց հիման վրա մշակված և հետագայում զարգացված նախագիծը «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական վերակենդանացման մրցույթի երկու փուլերում էլ (2022 և 2024 թթ.) ճանաչվել է հաղթողներից մեկը,

 

Հիմնադրել է «Էքս-քոմոնս» հարթակը (x-commons.com)՝ ձևավորելով միջազգային բաց համագործակցային ցանց և իրականացնելով հետազոտություններ համընդհանուր, անշոշափելի ենթակառուցվածքների, կառուցված ու երևակայական միջավայրերի հատման տիրույթում՝ ցուցահանդեսների, ֆորումների և հրապարակումների ձևաչափով,

Նախագծել և առաջնորդել է «Հսկվող քաղաքների լաբորատորիայի» (surveillantcity.org) հետազոտական աշխատանքները՝ իրականացնելով քաղաքային միջավայրերի թվային, վերահսկողական ու ենթակառուցվածքային էվոլյուցիայի տարածական հետազոտություններ, մշակելով համակարգչային տեսողության և մեքենայական ուսուցման աշխատանքային հոսքեր, ինչպես նաև հրապարակելով մասնագիտական շտեմարաններ:

 

Լրացուցիչ տվյալներ

 

Հեղինակած հոդվածները, նախագծերն ու հետազոտությունները հրապարակվել են միջազգային մասնագիտական պարբերականներում ու գրքերում, ներկայացվել գիտաժողովներում, արժանացել մասնագիտական մի շարք մրցանակների:

 

Հայաստանի ճարտարապետների պալատի անդամ է:

 

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:

 

Կուսակցական պատկանելություն

 

Անկուսակցական է: