Կառավարությունը կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան


Կառավարությունը կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Հուլիս 15 16:27 2026

Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման մոդելը փոխելու մտադրության մասին էր հայտարարել, կառավարության հուլիսի 16-ի նիստում չզեկուցվող հարցով առաջարկվում է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը անհրաժեշտ է 2026 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված 1077 «Երկաթուղային ցանցի զարգացում» ծրագրի 12001 «Ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին սուբսիդիայի տրամադրում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով:

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 83-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրի 2-3 հոդվածով նախատեսված է, որ կոնցեդենտը սուբսիդավորում է համաձայնեցված ծավալներով և ուղղություններով ուղևորափոխադրումների կոնցեսիոների տարեկան վնասը կոնցեսիոների կողմից անկախ աուդիտորի կողմից այդ վնասների հաստատված հաշվարկների ներկայացման պարագայում:

Սուբսիդիայի համաձայնեցված չափը կազմում է 2009-2010 թվականներին` 10 տոկոս, 2011-2012 թվականներին` 15 տոկոս, 2013 թվականին` 20 տոկոս, 2014-2015 թվականներին` 25 տոկոս, 2016 թվականից մինչև 2038 թվականը` 30 տոկոս:

2026 թվականին 2025 թվականի արդյունքներով սուբսիդիայի վճարման չափը կազմել է 312,211.3 հազար ՀՀ դրամ, իսկ 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված է եղել 246,989.0 հազար դրամ, որի համար 65,222.3 հազար դրամի չափով ձևակերպվել է կրեդիտորական պարտք: Ուստի՝ կառավարությունն առաջարկում է վերաբաշխման միջոցով սուբսիդիայի գումարը ավելացնել 65,222.3 հազար դրամով:

Ըստ հիմնավորման՝ սուբսիդիայի ավելացումը կամ նվազեցումն ըստ էության պետական բյուջեի համար լրացուցիչ ծախս կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում, քանի որ սուբսիդիան վճարվում է ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարվող կոնցեսիոն վճարին համարժեք չափով: 2025 թվականի կոնցեսիոն վճարի չափը եղել է 312,211.3 հազար  դրամ, որի դիմաց, ըստ կոնսեցիոն պայմանագրի, ընկերության կողմից վճարումը կատարվել է հունիսի 4-ին:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է, որ ՌԴ-ն վաճառի ՀՀ-ի երկաթուղու կառավարման իրավունքը բարեկամ երկրի։

«Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և Ռուսաստանի հետ, և Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը»,-ասել էր կառավարության ղեկավարը: