Սահմանադրական դատարանը ուներ պատմական հնարավորություն՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Փաստաբանն անդրադարձավ ԲՀԿ-ի ձայների փոշիացմանը.
«Մենք ունենք շատ ունիկալ իրավիճակ, երբ, ըստ էության, մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումից։ Եթե որոշումը չէր լինում՝ ստանում էր մանդատները, այդ որոշումը կար՝ չէր ստանում մանդատները, և, համապատասխանաբար, մանդատները չէին ստանում այնպիսի ցածր տարբերությամբ, որը դատական նիստի ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցը ընդունեց, որ, այո՛, իրենց համակարգը 100%-անոց ճշտությամբ չի կարող վերարտադրել, որովհետև 16 000 մարդ է աշխատում, 70 000 տվյալներ մուտքագրում են։
Ցանկացած գործընթաց, որը ներառում է 16 000 մարդ, ենթադրում է, որ որոշակի թերություններ առաջ են գալիս, և, համապատասխանաբար, շեղումն էլ այնքան է լինում, որ միջազգային պրակտիկայում ընդունված՝ հօգուտ ընտրողի կոնցեպտը ենթադրում էր, որ եթե դատարանը նույնիսկ չուներ համոզմունք, որ անցել է 4%-ը, թե չի անցել, ապա պետք է պաշտպաներ ընտրողների ձայնը»։
Օրբելյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանը կարող էր վերահաստատել այն խախտումները, որոնք հստակ ցույց էին տրվել դատական գործի շրջանակներում, և դրանով իսկ բարձրացնել վստահությունը դատական համակարգի նկատմամբ։
«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն, որ հետագայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցանկացած քանակի տեղամասերի արդյունքներ ուղղակի անվավեր է ճանաչելու ինչ-որ հանգամանքներում, որովհետև միշտ էլ լինելու են խախտումներ և ազդելու են ընտրությունների արդյունքների վրա»,-ընդգծեց Օրբելյանը։










