Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից։
Ծրագրի շահառու կարող են լինել այն տնտեսավարողները, որոնք 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ զբաղվել են կովի անմշակ կաթի արտադրությամբ, որոնց կենդանիները հաշվառված են «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային համակարգում և մասնակցել են պետական պատվաստման ու ախտորոշիչ միջոցառումներին։
Ի՞նչ չափով է տրամադրվում սուբսիդավորումը։
Սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի տնօրինվող կովերի 3-րդ գլխից սկսած մինչև 22-րդ գլուխը ներառյալ (առավելագույնը՝ 20 գլխի համար)՝ յուրաքանչյուր կովի հաշվով 15,000 դրամի չափով։ Դուք կարող եք ունենալ 30-50 կամ ավելի կովեր, բայց փոխհատուցվելու եք 20 գլխի համար։
Ինչպե՞ս կարելի է դիմել ծրագրին։
Սուբսիդավորում ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին։
Ի՞նչ տվյալներ պետք է նշվեն դիմումում։
Դիմումում անհրաժեշտ է նշել՝
• բնակության վայրը և հասցեն
• հեռախոսահամարը,
• բանկային հաշվեհամարը,
• տնօրինվող կովերի գլխաքանակը,
• կովերի ականջապիտակների համարները։
Ի՞նչ փաստաթղթեր պետք է կցվեն դիմումին։
Անհրաժեշտ է ներկայացնել՝
Անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
Անասնաբույժի կողմից տրված գրանցամատյանից քաղվածք՝ կենդանիների՝ պատվաստման ծրագրում ընդգրկված լինելու վերաբերյալ։
Մինչև ե՞րբ է հնարավոր դիմել։
Դիմում-հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է»։










