Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշման առնչությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում որոշումը գնահատել են որպես անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի նորմերին հակասող։
Բաքուն դժգոհություն է հայտնել նաև որոշման մեջ կիրառված ձևակերպումների կապակցությամբ՝ պնդելով, որ դրանք հակասում են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Ադրբեջանական կողմը, մասնավորապես, առարկել է փաստաթղթում Արցախի, նրա պետական կառույցների, Պաշտպանության բանակի, գլխավոր դատախազի և օմբուդսմենի հիշատակման դեմ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ընդունում ՄԻԵԴ-ի տվյալ որոշումը և կքննարկի իր շահերի պաշտպանության հնարավոր քայլերը։










