ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը ստորագրված է. «Իրանի պահանջով հուշագիրը կազմվել է ոչ միայն անգլերենով, այլ նաև պարսկերենով»


ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը ստորագրված է. «Իրանի պահանջով հուշագիրը կազմվել է ոչ միայն անգլերենով, այլ նաև պարսկերենով»
Հունիս 18 09:33 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։

«Այո՛, այն ստորագրված է։ Ես այն ստորագրել եմ Վերսալում։ Ես հենց նոր ստորագրել եմ», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է ԱՄՆ առաջնորդը Վերսալի պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նույնպես հաստատել է, որ ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, և դրա տեքստը պաշտոնապես համաձայնեցված է։

Հուշագիրը ստորագրվել է էլեկտրոնային եղանակով և ուժի մեջ է մտել։ 

Axios-ը նախկինում հաղորդել էր, որ Թրամփը հուշագրի պատճենը ստորագրել է Վերսալի պալատում Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ։ Պորտալի տվյալներով՝ ստորագրված փաստաթղթի լուսանկարն ուղարկվել է իրանցիներին և միջնորդ երկրներին։ NewsNation-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյային, նաև հաղորդել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է հուշագիրը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանական ԶԼՄ-ները տարածել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի դադարեցման հուշագրի՝ նախագահ Փեզեշքիանի կողմից հեռավար ստորագրության լուսանկարներ։

Մինչև հուշագրի կետերին անդրադառնալը, որոնցում, ըստ էության, արձանագրվել է նաև Հորմուզի նեղուցի իրանական փաստացի կառավարումը, ուշագրավ է նշել, որ դրանում պաշտոնապես օգտագործվել է նաև «Պարսից ծոց» աշխարհագրական անվանումը, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում սովորաբար պաշտոնապես այն կոչում էին «Ծոց»:

Հետաքրքրական է նաև, որ Իրանի պահանջով հուշագիրը կազմվել է ոչ միայն անգլերենով, այլ նաև այդ երկրի պաշտոնական լեզու պարսկերենով։

Նման ուշադրությունը սեփական լեզվի և տեղանունների հանդեպ, անշուշտ, արժանի է առանձին հարգանքի»։