Ակցիզային հարկի փոփոխությունները վերաբերվում են ընդամենը գնաճի ճշգրտումներին, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պարզաբանելով, թե ինչու է ընտրություններից անմիջապես հետո բարձրանում ակցիզային հարկը: Ըստ նրա՝ ակցիզային հարկը բարձրանում է 3 տոկոսով:
«Մի քանի տարի առաջ ներկայացրել էինք ակցիզային հարկի փոփոխությունների պլան, որն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին: Մենք պետք է ներկայացնենք նոր պլան, որը կվերաբերվի 2027 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածին: Այսինքն՝ չի կարող այդ պլանը չլինել»,- մեկնաբանեց նախարարը:
Մինչդեռ Հովհաննիսյանի խոսքով՝ որոշ ապրանքատեսակների դեպքում ակցիզային հարկի նվազեցում կա, օրինակ, մրգօղիների և կոնյակի դեպքում:
Հիշեցնենք՝ կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնության, որով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Արդյունքում կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը:
Նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին 25 և 20 տոկոսով, նարգիլեի ծխախոտինը՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի 30 տոկոսով։
Օրինագծով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 2404 91 000 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքը հարկել ակցիզային հարկով, իսկ ակցիզային հարկի դրույքաչափը առաջին տարում սահմանել 2,800 դրամ, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի բարձրացնել 30 տոկոսով։










