Հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի օտար մարմին» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վեդիի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վեդու ոստիկանները պարզել են, որ նա Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Սիսակ Ա.-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ հունիսի 6-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում տղան իրենց տան բակում իրենց պատկանող օդաճնշիչ հրացանով բակում առկա ծառին է կրակել, և գնդակը հետադարձ է կատարել ու դիպչել Սիսակ Ա.-ի կրծքավանդակին։
Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։










