Հունիսի 2-ին Արթիկում մի խումբ ՔՊ-ականների կողմից ծեծի ենթարկված, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացին՝ Հակոբ Հարությունյանը, հետ է վերցրել դիմումը՝ պնդելով, որ այլևս բողոք չունի։
Նշենք, որ Արթիկի և Անիի քննչական բաժնում նրա առողջությանը թեթև մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Եթե օրեր առաջ Հարությունյանը պնդում էր, որ իր հետ տեղի ունեցած միջադեպը բացառապես քաղաքական դրդապատճառներ ունի, ապա այժմ չի ցանկանում խոսել այդ մասին։ «Էս մասին չեմ ուզում խոսել, իրար սխալ ենք հասկացել, բայց հիմա ամեն ինչ տեղն է ընկել»,- ասում է Հարությունյանը։
Նշենք նաև, որ Հակոբ Հարությունյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի համակիր է։
Oragir.News-ի հետ զրույցում նա նշել է, որ իրենք հարևաններ են, խոսել են և հասկացել միմյանց։
«Ես բողոք չէի էլ ներկայացրել։ Ես գնացել էի հիվանդանոց, ոստիկաններն իրենք էին եկել մեր տուն, իսկ ես տանը չէի եղել։ Ես էդ մարդկանց ճանաչում եմ, հարևան մարդիկ ենք։ Խոսել ենք, հասկացել ենք իրար, ուղղակի էդ օրը իրար լավ չենք հասկացել։ Ես բողոք չունեմ։ Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես հարգանք ունեցող անձ եմ։ Մի խոսքով՝ ես իմ մարդկային քայլն արել եմ»,- հայտարարել է Հակոբ Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ականները Արթիկում քաշքշել են ընդդիմադիր քաղաքացուն։










