Եթե 10 տոկոսն էլ դուրս գա փողոց, բավարար է՝ 1 տարում այս իշխանության հարցը լուծելու. Ռոբերտ Քոչարյան


Եթե 10 տոկոսն էլ դուրս գա փողոց, բավարար է՝ 1 տարում այս իշխանության հարցը լուծելու. Ռոբերտ Քոչարյան
Հունիս 12 21:47 2026

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով «Հայաստան դաշինքի» վարչապետի թեկնածուն էր, մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում անդրադարձել է ընտրությունների արդյունքում ձևավորված մանդատները վերցնել-չվերցնելու խնդրին, ինչպես նաև արձագանքել է քննադատություններին, որ նախորդ 5 տարում այդ մանդատները չեն ծառայեցվել իրենց նպատակին՝ իշխանության հեռացմանը։

«Մենք մեր մանդատների հավաքական ուժի հետ կապված՝ օգտագործել ենք բոլոր հնարավորությունները, և այդ հնարավորությունները միշտ զուգորդել ենք փողոցային պայքարի հետ։ Այդ պայքարի առնվազն 2 մեծ ցիկլ մենք ունեցել ենք։ Հասե՞լ ենք նպատակին. չէ։ Բայց ես չեմ տեսնում մի պահ, երբ մենք ի վիճակի ենք եղել անել ավելին և չենք արել։ Սա փաստ է»,- ասել է նա։

Այսօր, ինչպես նշել է Ռոբերտ Քոչարյանը, պայքարի հնարավորությունն ավելի մեծ է։

«Հիմա հնարավորությունը ավելի մեծ է՝ և՛ մանդատների քանակի առումով, և՛ կա մեկ այլ քաղաքական ուժ, որը մեզանից ավելի շատ մանդատներ է ստացել, ավելի թարմ, նոր դեմքերով հանդես է գալիս։

Ես կարծում եմ՝ պայքարի նոր, ավելի լայն հնարավորություն է բացվում։ Դրան գումարենք այն հանգամանքը, որ իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ է լինելու ամբողջ այս ժամանակահատվածում, ինչը չի եղել նախորդ ժամանակներում։ Նկատելի է, որ ընդդիմադիրների ձայները շեշտակի ավելացել են։ Եթե նաև փոշիացված ձայները փորձենք գնահատել, ապա այստեղ էլ մեծ մասը ընդդիմադիր ձայներ են՝ 600 000-ից ավելի։ Եթե դրա 10 տոկոսն էլ դուրս գա փողոց, բավարար է՝ մեկ տարում այս իշխանության հարցը լուծելու։

Պոտենցիալը կա. ինչպես կկարողանանք այդ պոտենցիան օգտագործել, կախված է և՛ մեզանից, և՛ որոշ զարգացումներից՝ կապված այն իրավիճակի հետ, որն այսօր Հայաստանում կա»,- ասել է նա։