Ծառուկյանը տղավարի իր կռիվը տալիս է, մնացածի տված կռիվը պետք է տեսնենք. Մարտուն Գրիգորյան (Տեսանյութ)


Ծառուկյանը տղավարի իր կռիվը տալիս է, մնացածի տված կռիվը պետք է տեսնենք. Մարտուն Գրիգորյան (Տեսանյութ)
Հունիս 12 16:37 2026

Տեսնում ենք, թե ինչ է կատարվում, տեսնում ենք ընտրակեղծարարությունը. ամեն ինչ արվում է, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը զրկեն մանդատներից և կարողանան ԱԺ-ում ունենալ 3/5 մասը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։

«Այն, ինչ իշխանությունները պլանավորել են, չեղավ իրենց ուզածով, և այսօր իշխանությունն ունի լուրջ խնդիր։ Դրանով է պայմանավորված, որ այս պահի դրությամբ հարձակումներն ու ճնշումները ԲՀԿ-ականների վրա շարունակվում են»,-ասաց Մարտուն Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարություններին, թե «Գյումրի 2» թույլ չեն տալու, Գրիգորյանը պատասխանեց.

«Այո՛, հենց իրենք թույլ չեն տալիս, թե չէ ժողովուրդն իր քվեարկությամբ ցույց տվեց, որ իշխանությանը մեծամասնություն կազմելու հնարավորություն չի տվել։ Այո՛, իրենք թույլ չեն տալիս, որ չորրորդ ուժը մտնի խորհրդարան։ Իրենք ուժի զոռով, պետության լծակները, վարչական ռեսուրսն օգտագործելով թույլ չեն տալիս, որ «Գյումրի 2» լինի։ Բայց այդ ամեն ինչով չեն կարողացել հասնել նրան, ինչ ուզում էին»,-ասաց Մարտուն Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմության անելիքներին՝ նշեց.

«Կյանքը ցույց տվեց, որ Գագիկ Ծառուկյանը մինչև այս պահը կռիվ է տալիս իրեն ընտրած ժողովրդի քվեն ու շահերը պահելու համար։ Մյուս քաղաքական ուժերն էլ պետք է հասկանան, որ սա միայն Ծառուկյանի կռիվը չէ, Ծառուկյանը տղավարի իր կռիվը տալիս է, մնացածի տված կռիվը պետք է տեսնենք»։