Իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի վերաբերյալ նախաձեռնվել է 2 քրեական վարույթ


Իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի վերաբերյալ նախաձեռնվել է 2 քրեական վարույթ
Հունիս 12 15:30 2026

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ Տ.Վ.-ն և Ա.Ղ.-ն (խմբ.՝ Ալեն Ղևոնդյանը) տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել, այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

 

Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): 

 

Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով:

 

Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է: