Փաշինյանն ուրախ կլինի հանգիստ թողնել, հեռանալ, իսկ գնալու տեղ նա ունի. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)


Փաշինյանն ուրախ կլինի հանգիստ թողնել, հեռանալ, իսկ գնալու տեղ նա ունի. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
Մայիս 28 22:58 2026

Ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը կբերի ընդդիմության հաղթանակին, «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նա տեղեկացրել է՝ մինչ քվեարկությունը, հունիսի 3-ին տեղի է ունենալու «Ուժեղ Հայաստանի» մեծ հանրահավաքը։

«Հունիսի 3-ին մենք ազդարարելու ենք մեր մեծ հաղթանակի սկիզբը։ Հանրապետության հրապարակ ենք հրավիրում մեզ աջակցող և մեզ չաջակցող քաղաքացիներին, որպեսզի հաղթանակից առաջ նորից լսեն մեր քայլերը»,- ասել է Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն հավելել է՝ իրենք ունակ են բարեկեցիկ ապագա ապահովել հայ ժողովրդի համար.

«Ես հուսով եմ, որ հայ ժողովուրդը, լսելով իմ խոսքերը, հունիսի 7-ին կանի ճիշտ ընտրություն։ Նորից սխալվելու իրավունք հայ ժողովուրդը չունի։ Նրա սխալվելն այսքան փորձանք բերեց մեր երկրի գլխին։ Հիմա պետք է ճիշտ և հավասարակշռված իշխանություն, որ շատ արագ կանգնեցնի Փաշինյանի սխալների անիվը»։

Սամվել Կարապետյանը նշել է նաև՝ հունիսի 7-ից հետո երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնալու տեղ ունի, նույնիսկ ուրախ կլինի՝ հանգիստ թողնել, հեռանալ.

«Նա գնալու տեղ ունի։ Համենայն դեպս՝ երկու տեղ ունի. Կանադա կարող է գնալ, Ադրբեջան կարող է գնալ։ Բայց Հայաստանի ժողովրդի ապագայի հետ խաղալու իրավունք նա չունի»։