«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին՝ նրանց մաղթելով նոր հաջողություններ ու հաղթանակներ կյանքի նոր փուլում։
«Դուք հրաժեշտ եք տալիս դպրոցին և քայլ եք կատարում դեպի հասուն կյանք, երբ Հայաստանը կանգնած է պատմական մեծ փոփոխությունների շեմին։ Դուք լինելու եք փոփոխության սերունդը, դուք ապրելու և արարելու եք մի երկրում, որն ապահովելու է ձեր արժանապատիվ կյանքը, աշխատանքն ու վաղվա օրվա հանդեպ բացարձակ վստահությունը»,- նշել է Կարապետյանը։
Նա ընդգծել է, որ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կառուցել ուժեղ պետություն, որի հիմքում կլինեն գիտակից, կրթված, ֆիզիկապես ուժեղ և հայրենասեր երիտասարդները։
Կարապետյանը շրջանավարտներին կոչ է արել իրենց գաղափարներն ու էներգիան ծառայեցնել Հայաստանի վերածննդին ու հզորացմանը։
«Եղեք այն ուժը, որն իր սիրով ու նվիրումով կառաջնորդի մեր հայրենիքը դեպի նոր վերելքներ»,- ասվում է ուղերձում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ տարիների աշխատանքի և հայրենասեր սերունդ կրթելու համար։










