«Առաջարկվում է սահմանել «ծնողական ժամ» հասկացությունը, ըստ որի՝ մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խոր կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, իրավունք կունենան օգտվելու ծնողական ժամից, այն է՝ բացակայելու աշխատանքից աշխատավարձի պահպանմամբ»,-կառավարության հերթական նիստում ասաց ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը:
Նրա խոսքով մինչև 2 երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը տրամադրվելու է օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ, 3 և ավելի երեխա ունեցող ծնողին, առավելագույնը՝ 1 ժամ տևողությամբ: Իսկ մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին, օրական առավալագույնը 1 ժամ՝ անկախ երեխաների թվից:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կատակեց՝ թե արդյոք ժամաքանակը կուտակելու և հետո օգտագործելու հնարավորություն կա, օրինակ՝ 5 օր կուտակի, 1 օր շուտ գնա։
Սմբատյանը ասաց, որ նման մեխանիզմ չկա՝ հստակեցնելով, որ որոշման նախագիծը վերաբերում է երկու ծնողներին հավասարապես:
նա նշեց, որ կուտակային տրամաբանությամբ աշխատանքային օրենսգրքում կա մեկ այլ հոդված, որը նախատեսում է մինչև 2 տարեկան երեխա ունեցող, բայց խնամքից վերադարձած մայրերին թույլատրեն ևս 1 ժամ ավելի պակաս աշխատել: Կուտակային տրամաբանությունը, ըստ Սմբատյանի, հենց այս երկու հոդվածների մասով է աշխատելու:
«Օրինակ՝ եթե տվյալ կինն ունենա 3-րդ երեխան, որը լինի մինչև 2 տարեկան, բայց որոշում կայացնի վերադառնալ աշխատանքի, նա մինչև 2 ժամ կարող է բացակայել աշխատանքից»,- ասաց նախարարի տեղակալը:










