«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Արտաշատում քարոզարշավի ընթացքում ներկայացրել է այն բոլոր փոփոխությունները, որոնք լինելու են Սամվել Կարապետյանի՝ իշխանության գալուց հետո։
«Առավոտյան արթնանում ես, և եթե փոքրիկ կրպակ ունես, նամակ ես ստանում, որ այլևս շրջանառության հարկ չես վճարում, փոքր բիզնեսը ազատվում է հարկերից։
Այն ընտանիքները, որտեղ կան ժամկետային զինծառայողներ, ամեն ամիս ստանում են 40 հազար դրամ աջակցություն։ Ոչ թե զինվորը՝ այլ ընտանիքը, որպեսզի զորամասերում գումարի շրջանառության հետ կապված խնդիր չլինի։
Այգի ունես, միրգ ես աճեցնում, ամեն տարի չգիտես՝ ի՞նչ գին կլինի, կվաճառե՞ս, թե՞ բերքը կմնա ծառին, բայց մի օր արթնանում ես ու գիտես՝ յուրաքանչյուր տարվա գինը ֆիքսված է։ Ինչքան արտադրես, պետության երաշխավորությամբ՝ այդ գնով էլ կվաճառես։
Երիտասարդները ամուսնանում են, ուզում են տուն ունենալ, և բնակարան գնելը դառնում է ոչ թե անհասանելի երազանք, այլ իրական հնարավորություն։ Եթե այսօր վարձը օրինակ՝ 100 հազար դրամ է, նույն գումարով երիտասարդ ընտանիքը կարող է հիփոթեք վճարել՝ ներկայացնելով ամուսնության վկայականը։
Իսկ եթե ընտանիքում ծնվում է հինգերորդ երեխան, պետությունը միայն «շնորհավորում եմ» չի ասում։ Տուն է ուղարկվում բնակարանի հավաստագիր, քանի որ հինգ երեխա մեծացնելը պարզապես ընտանեկան հարց չէ, պետության հոգածություն է պետք»։
Նարեկ Կարապետյանը խոսել է նաև աշխատատեղերի ստեղծման մասին և հավելել, որ պետք է ոչ միայն պարզապես խոսել հայրենասիրությունից, ընտանիքից, գյուղացուց, այլ այդ ամենը դարձնել շոշափելի իրականություն։










