Սա իրեն հա՞յ է համարում, մա՞րդ է համարում. Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի՝ Արցախից «փախածների» հայտարարության մասին


Սա իրեն հա՞յ է համարում, մա՞րդ է համարում. Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի՝ Արցախից «փախածների» հայտարարության մասին
Մայիս 19 16:25 2026

«Երկրորդ անգամ սխալվելու տեղ չունենք, թիկունք չի մնացել»,- քարոզարշավի շրջանակում Ախուրյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ  երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ մեկ սխալի համար գինը եղավ հսկայական հողեր, 150 հազար փախստականներ, Արցախի կորուստ, 5000 զոհ. «Հիմա թիկունք չի մնացել, հերթական սխալը լինելու է՝ Սյունիք, լինելու է արևմտյան Ադրբեջան, միգուցե մզկիթների կառուցում Հայաստանի տարածքում։

Ուզու՞մ ենք մենք սա։ Չեմ կարծում, որ ուզում ենք, ուրեմն այս անգամ սխալվելու ուղղակի տեղ չունենք»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ուղղված արցախցիներին, մասնավորապես «փախել են Հայաստան», Ռ.Քոչարյանն ասաց. «9 ամիս տոտալ բլոկադայի մեջ գտնված մարդկանց Հայաստան գալը անվանում է «փախուստ», «թռել եք» և այլն, և այլն»։

Ըստ նրա, այս դահլիճում ներկաների մեծ մասի արմատները գալիս են Արևմտյան Հայաստանից. «Ուղղակի ձեր հարազատներին, նախնիներին, պապերին ասել են՝  թռած, փախած, հայրենիքը հանձնած։

Հայաստանի բնակչության մի զգալի մասը նման պատմություն ունի, ողբերգական պատմություն։ Ձեր բոլորի պապերին, տատերին ասել են փախած, թռած, այսինքն՝ պետք է այնտեղ մնային, կրոնը փոխեին, թուրք դառնային, լեզուն մոռանային կամ մահանային։

Սա նույնն է։

Եվ սա իրեն հա՞յ է համարոմ, մա՞րդ է համարում։ Չգիտեմ՝ ինքն իրեն ինչ է համարում։ Հունիսի 7-ին մեր ժողովուրդը պետք է ցույց տա, թե ինչ է  իրենից  ներկայացնում այդ մարդը, որ մեր ժողովրդի 70 տոկոսին վիրավորեց»։

Ըստ Ռ. Քոչարյանի, իրավիճակը փոխելու համար հունիսի 7-ին պետք է մի լավ ապտակել նրան. «Ապտակել ստահակին, սրիկային, որը համարձակվել է  վիրավորել մեր ժողովրդի մեծամասնությանը»։