«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին մայիսի 9-ին Վեդի համայնքի կազմի մեջ մտնող Տափերական բնակավայրում ընդունելուց հետո ճնշումներ են սկսել բնակիչներից մեկի հարազատների նկատմամբ։
Գարիկ Ղազարյանը, որ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներին դիմավորել էր, ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում պատմել է, հենց այդ օրը երեկոյան իր ընտանիքի անդամները՝ մասնավորապես հայրը, զանգեր է ստանում համայնքապետարանից։
«Ասել են՝ դու ու հարսդ դիմում պիտի գրեք, գործից դուրս գաք։ Դա միջնորդավորված են արել, վարչական ղեկավարին են ստիպում, նա էլ վատ վիճակում է հայտնվում, ես ասել եմ, դիմում չի գրվելու, բոլորը գիտեն իմ ընդդիմադիր հայացքների մասին»,-պատմել է Գ. Ղազարյանը։

Բնակիչը պատմել է նաև, որ այդ օրը ռեստորաններից մեկի հետ Կարապետյանի ու նրա թիմակիցների հյուրասիրության հարցով պայմանավորվածություն են ունեցել, սակայն վերջին պահին ռեստորանը հրաժարվել է սպասարկել նրանց։
«Վախեցրել են, ասել են՝ ռեստորանը կփակենք»,-նշել է Գ. Ղազարյանը։
Հետաքրքիր է, որ Նարեկ Կարապետյանի՝ Տափերական այցից հետո գյուղ է գնացել Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը, իր թիմակից պատգամավորների՝ Ռուստամ Բաքոյանի ու Տաթևիկ Գասպարյանի ընկերակցությամբ։
Ուշագրավ է Ռուստամ Բաքոյանի ընտրությունը։ Մամուլում եղան սկանդալային հրապարակումներ, ըստ որի Բաքոյանը բռնության էր ենթարկել քաղաքացիական կնոջը, որը հենց Տափերական գյուղից էր։
Գարիկ Սարգսյանին էլ այստեղ ջերմությամբ չեն հիշում։
ՔՊ-ականները չնայած փորձել են ներկայացել, թե իրենց լավ են ընդունել, սակայն գյուղացիներն այդ կարծիքին չեն։ Ի դեպ, ՔՊ-ականներին գյուղացիների տուն ուղեկցել է հենց վարչական շրջանի ղեկավար Կարեն Խաչատրյանը, որի միջոցով փոխանցել են դիմում գրելու ու գործից դուրս գալու պահանջը։










