«Այդ «բողոքի նոտան» պատվերով համերգ է հիշեցնում». Հայաստանի Ուշու-Գունֆու ազգային Ֆեդերացիան դատապարտում է ՀԱՕԿ-ի դեմ գործողությունները


«Այդ «բողոքի նոտան» պատվերով համերգ է հիշեցնում». Հայաստանի Ուշու-Գունֆու ազգային Ֆեդերացիան դատապարտում է ՀԱՕԿ-ի դեմ գործողությունները
Ապրիլ 14 21:01 2026

Հայաստանի Ուշու-Գունֆու ազգային Ֆեդերացիայի և Ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի հայտարարությունը.

 

«Երեկ՝ ապրիլի 13-ին համացանցից տեղեկացանք, որ ինչ-որ ֆեդերացիա «բողոքի նոտա» է հղել ընդդեմ Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի։ Հիմնավորման մեջ առնվազն շատ ծիծաղելի ձևակերպում էին օգտագործել բողոքավորները, թե իբր «ՀԱՕԿ-ը համագործակցության առաջարկ չի անում ֆեդերացիաներին»:

 

 Նախ՝ ՀԱՕԿ-ի ֆունկցիաների մեջ չի մտնում ֆեդերացիաներին առաջարկներ անելը, սակայն եթե ֆեդերացիաների կողմից արվում են խելամիտ գործակցության առաջարկներ, ապա դրանց մշտապես ընթացք է տրվում։

 

Հետևաբար, նման հիմնավորում կարող է անել միայն խիստ անգրագետ, իր մասին անհիմն մեծ կարծիք ունեցող անձը։

 

Ես՝ որպես մոտ 36 տարի Ուշու մարտարվեստը համակարգող, կառավարող և զարգացնող, ինչպես նաև Ուշու մարտարվեստի հիմնադիր ՀՀ-ում, վստահորեն պնդում եմ, որ չի եղել գոնե մեկ դեպք, երբ ես դիմեմ ՀԱՕԿ-ին խնդրանքով, ցանկությունով կամ առաջարկով և չարժանանամ ուշադրության, աջակցության։ Հետևաբար, նման «բողոքի նոտան» ուղղակի պատվերով համերգ է հիշեցնում, և առավել քան ակնհայտ է, որ ուղղորդված է ներկա իշխանությունների կողմից։

 

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ հայտարարում ենք, որ խստագույնս դատապարտում ենք նման կեղծ օրակարգերը։

 

Ձեռքներդ հեռո՛ւ պահեք ՀՀ-ում միակ կայուն զարգացող ոլորտից՝ սպորտից։

 

Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյան»։