ՀՀԿ-ն շարունակելու է անզիջում պայքարը՝ աջակցելով ընդդիմադիր ուժերին. Տիգրան Աբրահամյան


ՀՀԿ-ն շարունակելու է անզիջում պայքարը՝ աջակցելով ընդդիմադիր ուժերին. Տիգրան Աբրահամյան
Ապրիլ 14 16:58 2026

«Թեև հասարակության որոշ խմբեր ակնկալիք ունեին, որ Հայաստանում լայն թափ առնող ընտրական գործընթացները պետք է դառնային ծրագրային, գաղափարական, բանավեճերի հարթակ, սակայն իշխանությունը՝ հավատարիմ մնալով իր արատավոր քաղաքական գծին, այն վերածում է վիրավորանքի, զրպարտության, կեղծիքի, անարդարության և անհավասար պայմաններում առավելություն ապահովելու անազնիվ մրցասպարեզի»,-ԱԺ-ում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան ԱԲրահամյանը։ 

Ըստ նրա,  ՀՀԿ-ն իր համագումարյան բանաձևով արձանագրեց, որ մեր քաղաքական առաջնահերթությունը ինքնանպատակ իշխանություն ունենալը չէ, այլ Հայաստանի ինքնիշխանության, պետականության, ազգային արժեքների ու արժանապատվության, ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագայի պաշտպանությունն է:

«Ստեղծված իրավիճակում, ընդդիմադիր ուժերը հաջողություն հասնելու ճանապարհին, իրենց գործողությունների հիմքում պետք է դնեն նախորդ տարիների խորհրդարանական, փողոցային պայքարի փորձն ու արդյունքները և անհրաժեշտ եզրահանգումներ անեն: Սեփական սխալների ընդունումը քաղաքական թուլության նշան չէ, այլ դրանցից հետևություններ անելով՝ ապագան կառուցելու և հանրային վստահությունը ամրապնդելու նախապայման»,- ասաց Աբրահամյանը։ 

Նա նշեց, որ այլ է խնդիրը, որ իշխանությունը բուն ընտրությունների հարցի՝ իր համար շահեկան լուծման ճանապարհը տեսնում է ոչ թե ազատ, արդար, հավասար, մրցակային միջավայրում պայքարի, այլ ապօրինությունների միջոցով քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու, վնասելու, ընդհուպ՝ ազատությունից զրկելու ճանապարհով:

«Ընտրությունների լեգիտիմությունը որոշվում է ոչ միայն քվեարկության օրով, այլև մինչ այդ ձևավորված միջավայրով: Գործող ռեժիմի քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը, տեղեկատվական անհավասար պայմանների ստեղծումը, արտաքին ապօրինի միջամտությունները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը՝ ոչ լեգիտիմ դարձնելով պրոցեսի էությունը:

Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ հանրապետականն իր ներուժի, փորձառության և հետևողականության միջոցով շարունակելու է անզիջում պայքարը՝ իր սատարումը բերելով իրական ընդդիմադիր ուժերին, ազգային օրակարգին՝ հաջողություն ապահովելու և երկրի զարգացումը ճիշտ հուն վերադարձնելու համար»,- ասաց Աբրահամյանը։