Ինչո՞ւ է ՌԴ-ում վերաբացվել «Ջերմուկ գրուպին» առնչվող քրեական գործը, հաջորդն Արսենյաննե՞րն են


Ինչո՞ւ է ՌԴ-ում վերաբացվել «Ջերմուկ գրուպին» առնչվող քրեական գործը, հաջորդն Արսենյաննե՞րն են
Ապրիլ 13 17:31 2026

Հյուսիսային Օսեթիայում վերսկսել է հայկական հանքային ջուր «Ջերմուկ»-ի շշից քացախ խմելու հետևանքով տղամարդու մահվան գործով նախաքննությունը։ Այս մասին հայտնել է շրջանային քննչական կոմիտեն։

«Վերսկսվել է սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջները չբավարարող ծառայությունների մատուցման, անփութության հետևանքով անձի մահվան վերաբերյալ քրեական գործի քննությունը»,- «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, 2024-ի փետրվարի 12-ին Վլադիկավկազի բնակիչը, որը «Ջերմուկ» հանքային ջրի չբացված շշից քացախ խմելուց հետո կերակրափողի այրվածք էր ստացել, մահացել է։

«Ցավոք սրտի, մի տղամարդ, ով նախորդ օրը հանքային ջրի շշի մեջ եղած հեղուկը խմելուց հետո այրվածք էր ստացել կերակրափողում, մահացել է հիվանդանոցում։ Իրավապահ մարմինները և Ռոսպոտրեբնադզորը շարունակում են պարզել կատարվածի բոլոր հանգամանքները, և կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,-Telegram-ի իր ալիքում հայտնել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։

Ավելի վաղ հաղորդվել էր՝ «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի ջրի որոշակի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։