Եթե ապօրինի տնային կալանքը վերացվի, Սամվել Կարապետյանը հնարավորություն կունենա մասնակցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի ձևավորմանը․ Արամ Վարդևանյան


Եթե ապօրինի տնային կալանքը վերացվի, Սամվել Կարապետյանը հնարավորություն կունենա մասնակցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի ձևավորմանը․ Արամ Վարդևանյան
Ապրիլ 12 10:10 2026

«Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական վարույթի վերաբերյալ առաջին դատական նիստը տեղի է ունենալու ապրիլի 15-ին, ժամը 10։30-ին»,- Ազատության հրապարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքից հետո լրագրողներին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

 

«Եթե մենք ունեցանք հնարավորություն, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը վերացվի, ապա մենք կունենանք նաև նվազագույն քաղաքական հնարավորություն, որ Սամվել Կարապետյանը մասնակցի «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի ձևավորմանը»,- ասաց Վարդևանյանը։

 

Նա նշեց՝ երբ կարող է ներկայացվել «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակը.

 

«Մենք նախապես հայտարարել էինք, որ այսօր նաև ամբողջական ցուցակն է ներկայացվելու, բայց քանի որ դրան հաջորդեց այն իրադարձությունը, որ մենք ապրիլի 15 դատական նիստ ենք ունենալու, իսկ ժողովրդավարական նույնիսկ նվազագույն երաշխիքների պահպանմամբ երկրում չի կարող քաղաքական հայտ ներկայացրած կուսակցության նախագահը հնարավորություն չունենալ շփվելու, հարցազրույց ունենալու նախընտրական ցուցակի ներկայացուցիչների, թեկնածուների հետ, բայց Հայաստանում այսօր այդ իրավիճակը ունենք, ու քանի որ դեռ ժամանակ կա, ԿԸՀ ցուցակներ ներկայացնելու վերջնամկետը ապրիլի 23-ն է, մենք իսկապես հույս ունենք, որ այդ հնարավորությունից կկարողանանք օգտվել։ Այդ իսկ պատճառով այսօր ամբողջական ցուցակի վերաբերյալ տվյալները չներկայացվեցին մեր հանրությանը»։

 

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական վարույթի վերաբերյալ դատական նիստից ակնկալիքներին, փաստաբանն ընգծեց՝ նվազագույն իրավական երաշխիքի գործարկման պայմաններում տնային կալանքը րոպե առաջ պետք է վերացվի.

 

«Առհասարակ, այս քրեական վարույթը պետք է դադարեցվեր, բայց քաղաքական հետապնդումը այնպիսի մի հրեշավոր կենդանի է, որ այդքան հեշտ չի ստացվում դրա դադարեցումը, բայց առնվազն տնային կալանքը, որպես խափանման միջոց, պետք է վերացվի։ Եթե չի վերացվում, ապա եկեք արձանագրենք, որ իսկապես, ժողովրդավարությունը ոչ թե քայքայված է Հայաստանում, այլ ընդհանրապես ոչնչացման ճանապարհին է»։