Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ»


Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ»
Ապրիլ 11 08:47 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Հունիսի 7-ին տեղի կունենան Ազգային ժողովի նոր ընտրություններ: Սակայն նույնիսկ արդյունքների վերջնական ամփոփումից հետո գործող Ազգային ժողովն ու կառավարությունը դեռևս կշարունակեն պաշտոնավարել: Իսկ ե՞րբ կնշանակվի նոր վարչապետը, ե՞րբ կկայանա նորընտիր ԱԺ առաջին նիստը, և ե՞րբ կձևավորվի նոր կառավարությունը:

Ըստ Սահմանադրության, Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Այդ օրը կլինի նաև ԱԺ առաջին նիստը:

 

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ Սահմանադրությունը հստակ նշում է, թե երբ են սկսվում և երբ են վերջանում Ազգային ժողովի լիազորությունները։ Այս գործող գումարման Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսի 2-ին է սկսել իր աշխատանքները։ Հինգ տարին լրանում է 2026 թվականի օգոստոսի 2-ին։ Դա հստակ սահմանված է Սահմանադրության 90-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ԱԺ լիազորությունների ժամկետը սկսվում է նախորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտման օրը։ Այսինքն, ԱԺ առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին։ Ամենայն հավանականությամբ, նույն օրն էլ ՀՀ նախագահը կնշանակի վարչապետ: Ի դեպ, քանի որ օգոստոսի 2-ը կիրակի է, հնարավոր է՝ նիստը կայանա և վարչապետ նշանակվի հաջորդ օրը՝ օգոստոսի 3-ին:

 

 

Ինչ վերաբերում է կառավարության ձևավորմանը, ապա, ըստ Սահմանադրության, այն կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո տասնհինգօրյա ժամկետում, այսինքն՝ առավելագույնը մինչև օգոստոսի 16-ը:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Փաստ» թերթի՝ 11․ 04․ 26