Մատենադարանում է պահվում Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը, որը Հարության տոնին հաջորդող կիրակի օրը՝ ավանդույթի համաձայն, բերվում է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի։
Շուրիշկանի Ավետարանն այդպես է կոչվել Շուրիշկան գյուղում գտնվելու պատճառով։
Այն գրվել է 1498 թվականին՝ Վանի Քաջբերունի գավառում։
1603–1604 թթ․ հայերի բռնագաղթի ընթացքում Ավետարանը տեղափոխվել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղ, որտեղ գտնվում էր Սբ․ Բարսեղ Կեսարացու վանքը։ Հնարավոր վտանգներից խուսափելու համար այն թաքցնում են՝ հողի մեջ թաղելով։
Ժամանակի ընթացքում այդ վայրում հողից աղբյուր է բխում՝ ձևավորելով փոքրիկ լճակ։ Ավետարանը դուրս է բերվում միայն յոթ տարի անց և, զարմանալիորեն, պահպանված է լինում գրեթե անվնաս՝ վերագրվելով աստվածային պահպանությանը։
Հարյուրամյակներ անց՝ 1973թվականին, Շուրիշկանի բնակիչ, հայրենադարձ Մատթեոս Ծառուկյանը Ավետարանը նվիրաբերել է Մատենադարանին։
Բազմաթիվ են վկայությունները, որ Ավետարանն իր գոյության տարիներին մեծ հրաշագործություններ է կատարել։ Դարեր շարունակ այն դարձել է ուխտատեղի մարդկանց համար, ովքեր Ավետարանին են մոտեցել հավատով՝ բժշկություն, մխիթարություն և իրենց աղոթքների պատասխան գտնելու։
Այսօր էլ այդ ավանդույթը շարունակվում է։ Կրկնազատկի տոնին Շուրիշկանի Ավետարանը բերվում է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի՝ հնարավորություն տալով հավատացյալներին հաղորդակցվել սրբության հետ։
Արագածոտնի թեմի առաջնորդ տեր Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված ավանդույթի համաձայն՝ Կրկնազատկի տոնին եկեղեցում Շուրիշկանի Ավետարանի առկայությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ։
Ավետարանը եկեղեցում կմնա մինչև 16։30-ն, այնուհետև դարձյալ կվերադարձվի Մաշտոցյան Մատենադարան։
Մանրամասները՝ տեսանյութում։










