Հայաստանի կառավարությունը այդ կազմակերպությունների հետ ի վերջո ընդհանրապես գործ չի էլ ունենալու. Փաշինյանը՝ սփյուռքի կառույցների մասին


Հայաստանի կառավարությունը այդ կազմակերպությունների հետ ի վերջո ընդհանրապես գործ չի էլ ունենալու. Փաշինյանը՝ սփյուռքի կառույցների մասին
Ապրիլ 9 15:49 2026

«Վերջին տարիներին սփյուռքից Հայաստանի Հանրապետություն ներդրումների էական ակտիվացում է նկատվում»,-այդ մասին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Որպես փաստ, նա պատմեց, որ նախորդ օրը Կոտայքի մարզ կատարած  շրջայցի ընթացքում Ֆանտան գյուղի ջերմատներից մեկում, որը սփյուռքահայի ներդրում էր, տեսել են ներդրումային պատրաստակամություն, նաև ներգրավված են համահայկական խաղերի կազմակերպման գործում։

«էլ չասեմ, որ այսօր Հայաստանում իրականացվող ամենախոշոր ներդրումային ծրագիրը Firebird ընկերության ներդրումային ծրագիրը, որը խոշոր է և՛ ֆինանսական առումով, և՛ բովանդակային առումով, և ունի ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանային տրամաբանություն, ըստ էության սփյուռքի մեր գործարարների, մասնագետների և ներդրողների ներդրումն է, ինչը շատ կարևոր արձանագրում է»,-ասաց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ Երևանում ՔՊ-ի քարոզչության շրջայցերի ընթացքում տասնյակ սփյուռքահայերի են հանդիպել, որոնք «անվերապահ աջակցություն են ցուցաբերում Հայաստանի կառավարության վարած քաղաքականությանը»։

Հայտարարելով, որ իրականությունների ընկալման բանաձևերում վերանայումներ պիտի անեն՝ Փաշինյանը նշեց, թե պետք է շատ հստակ կարողանան գնահատել, թե ով ում է ներկայացնում։

«Մեր իրականության մեջ ընդունված է՝ ով ասես, կարող ա ում անունից ասես խոսա։ Լեգիտիմության գործոնը այդպես միշտ չի, որ առանձնահատուկ ուշադրության է արժանացել, և այսօր բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց վերապահում են սփյուռքի անունից խոսել, ընդհանրապես սփյուռքի մարդկանց հետ ոչ մի կապ չունեն։

Ինչ-որ գրասենյակներ կան, խմբեր կան, ակումբներ կան, որոնք իրենց վերապահում են սփյուռքի անունից խոսել։ Ուզում եմ պաշտոնապես ասել, որ էդ մարդիկ սփյուռքը չեն, սփյուռքից են անհերքելիորեն, բայց իրենք սփյուռքը չեն։ Իրեն սփյուռքում այլևս այնքան ճնշող փոքրամասնություն են, այնքան ճնշող փոքրամասնություն են, որ ես միանշանակ ասում եմ, որ իրենք ընդամենը լուսանցքային կազմակերպություններ են՝ լուսանցքային կազմակերպություններ։ Հայաստանի կառավարությունը այդ կազմակերպությունների հետ ընդհանրապես ավելի ու ավելի քիչ է գործ ունենալու և ի վերջո ընդհանրապես գործ չի էլ ունենալու։ Որովհետև այդ կազմակերպությունները, ինչպես ասում են, «անունը կա, ամանումը՝ չկա»։ Իհարկե, մենք, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հնարավորինս ներառական ենք փորձում լինել և աշխատում ենք այդ տրամաբանությամբ, բայց նաև այդ աշխատանքի ընթացքում ենք մենք տեսնում դա, որովհետև մարդկանց բազմության հետ շփումը ուրիշ բանի մասին է, իսկ անհատ անձանց հետո , ովքեր ինչ-որ վկայականներ ունեն՝ չգիտես ում կողմից թողարկված, իրենց հետ շփում բոլորովին ուրիշ բանի մասին է»,-հայտարարեց Փաշինյանը։