Հարվածը եղել է Փաշինյանի անվտանգության աշխատակցի կողմից․ Բողոքի ակցիայի մասնակից


Հարվածը եղել է Փաշինյանի անվտանգության աշխատակցի կողմից․ Բողոքի ակցիայի մասնակից
Ապրիլ 1 19:38 2026

«Պիտի հասկանային, որ առողջական խնդիր ունեցող երեխայի հետ այդպես չեն վարվում,  չեն հասցնում այնպիսի վիճակի, որ ուշաթափվի, նույնիսկ չկարողանա ներս մտնել։ Ճիշտն ասած, որպես հայ մարդ, որպես ծնող, առավել ևս՝ բազմազավակ ծնող, կարծում էի, որ մի փոքր ավելի բարի և ներողամիտ մոտեցում կցուցաբերեին»,- այս մասին ի պաշտպանություն կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանի բողոքի ակցիայի ժամանակ ասաց ցուցարարներից մեկը։

Հիշեցնենք՝ դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը այսօր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, շատ կարճ հետազոտել ու կրկին տարել քրեակատարողական հիմնարկ։

Բողոքի ակցիայի մասնակիցը, շարունակելով խոսքը, շեշտել է՝ իրենց պահանջն օբյեկտիվ մոտեցումն է։

«Ակնհայտ է, որ խոսքը երիտասարդների մասին է, ովքեր  երբեմն ավելի բռնկուն են։ Գուցե տեղի ունեցածը եղել է ինչ-որ իրավիճակի պատասխան ռեակցիա։

Տեսանյութը բոլորս տեսել ենք, երևում է, որ առաջինը հարվածել է  Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը, իսկ երեխայի արձագանքը, կարծում եմ, ավելի շատ  եղել է ոչ միտումնավոր, այլ՝ ռեֆլեկսիվ։ Ես չեմ փորձում արդարացնել որևէ գործողություն, բայց, ինչպես ծնողներն են ասում, նա պարզապես հայտնվել է սխալ տեղում՝ սխալ ժամանակ։ Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ կցուցաբերվի որոշակի բարեխղճություն, և կալանքի միջնորդությունը կվերանայվի՝ փոխարինվելով, օրինակ, տնային կալանքով կամ այլ՝ ավելի մեղմ խափանման միջոցով»,- ասել է նա։