Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը վիրահատվում է. Կինը խնդրել է աղոթել նրա համար


Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը վիրահատվում է. Կինը խնդրել է աղոթել նրա համար
Ապրիլ 1 14:57 2026

Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը վիրահատվում է։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ Լինդան։

«Ես իսկապես հույս ունեմ, որ Վիգենի վիրահատությունը բարեհաջող կանցնի։ Ուզում եմ, որ բոլորը կարողանան աղոթել նրա համար։ Նա արժանի է մեր բոլորի աջակցությանն ու աղոթքներին»,-նշել է կինը։

Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո Վիգեն Էուլջեքչյանն անմիջապես տեղափոխվեց հիվանդանոց։ Երկար ժամանակ նրա վզին ֆիքսատոր էր ամրացված։

Panorama.am-ին ավելի վաղ նրա կինը հայտնել էր, որ Վիգենն առողջական խնդիրներ ունի։

«Վիգենի  բանտային փորձությունը երկար էր, և նրան ժամանակ է պետք ապաքինվելու համար։ Նա ազատ է արձակվել լսողության խնդիրներով և մեջքի ցավերով. չի կարողանում շատ քայլել։ Բայց ես աղոթում եմ Աստծուն, որ նա լավ լինի։ Հիմա նա բժիշկների հսկողության ներքո է»,-ասել էր տիկին Լինդան։

Նրա խոսքով, ամուսնու հետ խոսել է գերության ընթացքում կրած տառապանքների մասին։

«Մենք շատ ենք խոսել, և շատ դժվար էր լսել դրանք։ Բայց մղձավանջն ավարտվեց, հիմա նրան աջակցություն է պետք՝ իր կյանքը շարունակելու և տեղի ունեցածը մոռանալու համար։ Կան բաներ, որոնք մնում են հիշողության մեջ և երբեք չեն ջնջվի»,-ասել էր նա։