«Այս մեղադրանքներն իրականության հետ ընդհանրապես աղերս չունեն։ Մենք հիմա մի պրոցեսի մեջ ենք, որը մեր երկրին լավ տեղ չի տանելու»,- 18-ամյա Դավիթ Մինասյանին երկու ամսով կալանավորելու որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Նա ընդգծեց, որ Դավիթը 12-րդ դասարանի աշակերտ է, որևէ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, չի զբաղվում, փառահեղ աշակերտ է, ամբողջ դպրոցն է հպարտանում Դավիթով։
«Դավիթին այսօր զրկեցին միջնակարգ դպրոցը ավարտելու հնարավորությունից։ Երկու ամիս հետո վերջին զանգ է լինելու բոլորի համար, Դավիթի համար չի լինելու, ո՞ւմ խղճին է մնացել սա»,- բարկացած ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի էր ունեցել միջադեպ, իբր Դավիթ Մինասյանը փորձել էր հարվածել Փաշինյանին։
Միջադեպի առնչությամբ երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այդ թվում Դավիթի երկվորյակ եղբոր՝ Միքայելի։ Միքայելը, թեև ունի մեղադրյալի կարգավիճակ, բայց խափանման միջոց է կիրառվել չբացակայելը։
ՔԿ-ից հայտնել էին. «2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։










