500 հազար դոլար․ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ»-ի մրցանակը


500 հազար դոլար․ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ»-ի մրցանակը
Մարտ 31 12:40 2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության շրջանակներում ստացած 500 հազար դոլարը (188,750,000 դրամ), գրում է Factor.am-ը։

 

Նա մրցանակը ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում (Աբու Դաբի) 2026-ի փետրվարի 4-ին։ Այդ օրը Փաշինյանն ու Ալիևը միասին էին մասնակցում մրցանակաբաշխությանը: 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը կիսվել է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև։ 

 

Այս մրցանակը տրվում է այն անհատներին կամ կազմակերպություններին` անկախ նրանց ծագումից կամ գտնվելու վայրից, որոնք «անշահախնդիր և անձնվեր աշխատում են մարդկային եղբայրության առաջ և խաղաղ համակեցության ապահովման ուղղությամբ»:

 

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը: 

 

ԿԿՀ-ից փոխանցել են, որ նվերը հաշվառելուց հետո հանձնվում է պետգույք կառավարման կոմիտե։ Կոմիտեից Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նվերը դեռևս գույքի կառավարման կոմիտեին ամրացված չէ։ 

 

«Ներկայումս հարցը գտնվում է Կոմիտեի կողմից ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի թիվ 956 որոշմամբ հաստատված կարգով իրականացվող գործընթացների շրջանակում»,- հայտնել են կառույցից։

 

ԿԿՀ ներկայացրած ձևաթղթի համաձայն՝ Փաշինյանի ստացված գումարը դասակարգվել է որպես պաշտոնական պարտականությունների կատարման շրջանակում տրված նվեր։