Հայաստանը ակտիվ քայլեր է անում Եվրոմիության անդամ պետություն դառնալու ուղղությամբ, ինչը ենթադրում է խորքային քաղաքական, տնտեսական և իրավական համակարգերի համապատասխանեցում եվրոպական ստանդարտներին։ Իսկ դրա համար մեր օրենքները պետք է մոտեցվեն եվրոպական չափանիշներին՝ հատկապես մարդու իրավունքների, տարբեր ոլորտների կարգավորման, ինչպես նաև նույնասեռ զույգերի իրավունքների ճանաչման հարցերում։ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցի Հայաստանը ընդունելո՞ւ է նույնասեռականների ամուսնությունը՝ դառնալով ԵՄ անդամ պետություն։
Նիկոլ Փաշինյանի պնդեց, թե միասեռական ամուսնությունների ճանաչումը կախված է Եվրամիության անդամ պետությունների ազգային առանձնահատկություններից, ինչը չի համապատասխանում իրականությանը։
2025 թվականի նոյեմբերի 25-ին Լյուքսեմբուրգում գործող Եվրոպական միության դատարանը վճիռ է կայացրել, ըստ որի՝ ԵՄ անդամ պետությունները պարտավոր են մասնակի ճանաչել այլ անդամ երկրում օրինականորեն կնքված միասեռ ամուսնությունները։
Դատական հայցը ներկայացրել են Լեհաստանից երկու տղամարդիկ, որոնք ամուսնացել են Բեռլինում 2018 թվականին: Լեհաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակը հրաժարվել է ճանաչել այն: Սակայն Եվրոպական դատարանը որոշել է, որ նման ամուսնության գրանցումից հրաժարվելը խախտում է ԵՄ օրենսդրությունը, տեղաշարժի և բնակության ազատության իրավունքը, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը: Դատարանը նշել է, որ ԵՄ մեկ երկրում օրինականորեն ձեռք բերված ամուսնական կարգավիճակը պետք է ճանաչվի ԵՄ բոլոր երկրներում։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը կամ նորից ստում է, կամ տեղյակ չէ ԵՄ օրենքներից և հետևաբար՝ չգիտի, թե ուր է տանում Հայաստանը։ Եվրոպական դատարանի որոշումը նշանակում է, որ, Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալուց հետո պարտավոր է լինելու ճանաչել նույնասեռ անձանց ամուսնությունները։ Սա նշանակում է, որ երկու հայ միասեռական կարող են գնալ օրինակ Գերմանիա, օրինական ամուսնանալ և վերադառնալ Հայաստան, իսկ Հայաստանը պարտավոր է լինելու ճանաչել նրանց ամուսնությունը։










