Այսօր 18 արդարների գործով դատական նիստի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդես եկավ հայտարարություններով՝ մեղադրելով մեղադրող կողմին իր խոսքերը խեղաթյուրելու մեջ և պնդելով գործի քաղաքականացված լինելը։
Անդրադառնալով դատախազի դիրքորոշմանը՝ Սրբազանը նշեց, որ իր խոսքերը միտումնավոր սխալ են ներկայացվում. «Ինչո՞ւ է անում դա։ Ես պարզ հայերեն եմ խոսել, բայց գիտեմ՝ ինքը բանասիրական կրթություն չունի։ Ինչո՞ւ է խեղաթյուրում իմ խոսքերը»։
Բագրատ Սրբազանը շեշտեց, որ գործի քաղաքական բնույթի լավագույն ապացույցը երկրի բարձրագույն ղեկավարության անդրադարձն է այս դատական պրոցեսին. «Այս գործի մասին մարտի 11-ին Եվրոպայի բարձր ամբիոնում Փաշինյանը խոսել է նաև իմ մասին, որը փաստացի ապացուցում է, որ այս գործը քաղաքական գործ է։ Եթե քաղաքական գործ չէ, ի՞նչ գործ ունի վարչապետը ամենաբարձր ամբիոնից խոսում է այդ մասին»։
Սրբազանը նաև հարցադրում արեց ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ և պահանջեց բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը դատարանում.
«Նույնն արել է ԱԳ նախարարը։ Խոսում են այդ մասին, ինչի՞ չեն գալիս վկայություն տալիս։ Եվ այո՛, պետք է գան, վկայություն տան։ Ձեր թեթև ձեռքով նրանք զրպարտիչներ են, խաբեբաներ են, կեղծիք գործողներ են, և նրանց համար Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու կյանքը արժեք չունի»։










