Արթուր Սարգսյանն առաջարկեց՝ ոստիկաններն իրեն դատարան բերեն հետևի մուտքով


Արթուր Սարգսյանն առաջարկեց՝ ոստիկաններն իրեն դատարան բերեն հետևի մուտքով
Մարտ 26 18:09 2026

18 արդարների գործով դատական նիստին ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի անձնագրի ու նույնականացման քարտի ժամկետը լրացել է։ Դատավորից խնդրեց թույլտվություն, որ պատգամավորը կարողանա այցելել անձնագրային բաժանմունք՝ նոր փաստաթղթեր հանելու համար։ Պաշտպանը տեղեկացրեց, որ Արթուր Սարգսյանը պետք է առաջադրվի խորհրդարանական ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու։

«Որպես թեկնածու առաջադրվելու համար պրոցեսները շուտով մեկնարկելու են, շուտ ենք ներկայացնում նման միջնորդություն, որպեսզի ժամկետները բաց չթողնենք»,-ասաց նա։

Հանրային մեղադրողն ասաց՝ որևէ առարկություն չունեն։

Նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը, մինչ հնչած հարցին անդրադառնալը, ասաց՝ ականատես է եղել, երբ ոստիկանները դատարան են ուղեկցում տնային կալանքում գտնվող Ա. Սարգսյանին, վերջինը շփվում է դատարանի բակում հավաքված մարդկանց հետ, ինչն արգելված է դատարանի որոշմամբ։ Ֆարխոյանն ասաց, դա վերաբերում է տնային կալանքում գտնվող մյուս մեղադրյալներին ևս։

«Ազատ շփում է տեղի ունենում, ինչն անթույլատրելի է։ Եթե շարունակվի այսպես, դա կդիտվի որպես խախտում»,-ասաց դատավորը։

Ի պատասխան պաշտպանն ասաց, երբ Ա. Սարգսյանին բարևում են մարդիկ, նրա որպիսությունն են հարցնում, դրանք անպատասխան թողնելը կդիտվի տարրական կուլտուրայի բացակայություն։

Դատավորին արձագանքեց նաև Արթուր Սարգսյանը՝ առաջարկելով, որ ոստիկաններն իրենց նիստերի դահլիճ բերեն դատարանի հետևի մուտքով։

«Անկեղծ եմ ասում, շատ դժվար է, մարդիկ գալիս ենք, հո չե՞նք փախնելու, եթե հնարավոր է, հետևի մուտքից բերեք, որ նման խնդիր չառաջանա»,-ասաց նա։

Դատավորը որոշեց, որ սրանից հետո ոստիկանները նրանց կուղեկցեն մինչև նիստերի դահլիճ։

Մանրամասները՝ տեսանյութում։