Ղարաբաղի հետ կապված բոլոր որոշումները նախկինում կայացրել եմ՝ խորհրդակցելով Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, չի եղել որոշում, որ կայացնեմ՝ առանց Ղարաբաղի ներկայացուցիչների հետ խորհրդակցության. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, թե ինքը չէր ներկայացնում Արցախ պետությունը, նրանց շահերը, ինչպե՞ս որոշեց Արցախի ճակատագիրը։
Փաշինյանը պնդեց, որ Արցախի լուծարումը կայացվել է առանց իրեն։
«Ինչ վերաբերում է վերջին որոշմանը՝ ձեզ հայտնի անձը վերջին որոշումը կայացրել է ինքն իրենով։ Չգիտեմ՝ ում հետ է խորհրդակցել, ինձ հետ այդ թեմայով խոսել է, ես հարց եմ տվել՝ ՀՀ-ն ի՞նչ կապ, ի՞նչ դեր ունի այդ ամենում, ասել է՝ ոչ մի, ես էլ ասել եմ՝ էդ դեպքում դուք որոշեք, ինչ որոշում ուզում եք՝ կայացրեք»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ իսկ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Պրահայում արված հայտարարությունն ի՞նչ էր, եթե ոչ որոշում՝ նշեց. «Ես Պրահայում որոշել եմ ՀՀ-ի հարցը, որ ՀՀ-ն պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը... Այո՛, իմ անձնական, կամային որոշմամբ և իմ թիմակիցների և կառավարման ուժի աջակցությամբ»։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն այս պահին ազգային անվտանգության որևէ ռազմավարությամբ չի առաջնորդվում.«Այդ ռազմավարությունն առնվազն մեծ մասով ռելևանտ չէ, աշխատում ենք նոր ռազմավարության վրա»։










