ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ ինքն է ՌԴ նախագահից հանդիպում խնդրել, և քննարկվել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու հարցը։
«Ես ՀՀ վարչապետն եմ և ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ինչ պետություն է ՌԴ-ն, ինչ պետություն է ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ինչ է ԵՄ-ն։ Գիտեք, սովորաբար ես եմ իրենցից հանդիպում խնդրում և ոչ թե հակառակը, և դա նորմալ է։ Այո՛, ես խնդրում եմ բոլորին էլ հանդիպել, և դա բացարձակապես ո՛չ ամոթ է, ո՛չ էլ նվաստացուցիչ է»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց՝ չի հիշում, որ նման հանդիպում նախաձեռնվի և ոչ իր խնդրանքով․ «Այսինքն՝ ՌԴ նախագա՞հը պետք է ինձնից հանդիպում խնդրի, բա ե՛ս պետք է խնդրեմ, բա ո՞վ պետք է խնդրի, կամ՝ Ֆրանսիայի նախագա՞հը պետք է հանդիպում խնդրի, ինչքան էլ մենք շատ ջերմ անձնական հարաբերություններ ունենք... Հակառակ կերպ մտածելը նշանակում է իրականության զգացումը կորցնել, և ես այդ հանդիպումները խնդրում եմ մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար»։
Փաշինյանն անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հաստատում է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ բարձրաձայնել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու հարցը և ժամկետների հարց է դրվել՝ նշեց, որ ժամկետ չկա․ «Բայց այնպես էլ չէ, որ անժամկետ է, հույս ունենք գործընկերային այդ հարցին լուծում տալ»։
Արդյո՞ք հաստատում է, որ քննարկվում է կոնցեսիան ղազախական ընկերությանը փոխանցելու հարցը՝ Փաշինյանը պատասխանեց. «Մեր և ՌԴ-ի միջև կա փոխադարձ ըմբռնում, և ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է... Բայց ՌԴ-ի գործընկերները դեռ չեն ասել՝ «լավ, համաձայն ենք, եկեք տենց անենք», քննարկումն այլ ռեժիմով է, բայց տենց գաղափարներ կան քննարկվող, առաջնահերթություններ չկան, հարցը չի քննարկվում, թևածող գաղափարներ կան»։










