Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը։
Դատական նիստը նախագահող դատավոր Գևորգ Մանուկյանը հայտնեց, որ աշխատանքի բերումով կապ է ունեցել այս գործով հանրային մեղադրողի հետ, նաև քննչական բաժնում է աշխատել, բայց հավատացրեց, թե դա չի կարող իրեն կաշկանդել սույն վարույթով արդար ու անկողմնակալ գործել։
Դատավորը Արշակ Սրբազանի փաստաբանական խմբից հետաքրքրվեց՝ արդյո՞ք բացարկի միջնորդություն ունեն։
Սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն ասաց, որ, այո՛, բացարկ են հայտնում դատավորին։
Փաստաբանական խմբից Արսեն Բաբայանն էլ նշեց, որ ներողություն է խնդրում իր հայտարարության համար, բայց, գուցե, կարող է պարզվել, որ դատավորն ինչ-որ մասնակցություն է ունեցել թմրամիջոցի անհետացման կամ դրա՝ ի սկզբանե գոյություն չունենալու հետ։
«Հետևաբար, ես էլ եմ միջնորդում, որ ինքնաբացարկ հայտնեք, որ կասկածները փարատվեն»,- նշեց Բաբայանը։
Հիշեցնենք, որ այս գործով Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե, իբր, նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցների ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել ու, իբր, այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։
Այս գործով Արշակ Սրբազանը 3 ամիս կալանավորված է եղել։
Սրբազանը կալանավորվել էր դեկտեմբերի 5-ին. Սրբազան Հորը կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։
Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել էր Արշակ Սրբազանին։ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին՝ ինչ վարույթի շրջանակում են ձերբակալել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին. նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- Aysor.am-ին ասել էին ՔԿ-ից։
Մարտի 5-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշում կայացրեց կալանքից անհապաղ ազատ արձակել Սրբազանին։










