Այսօր կնքված հուշագրերը ուժեղ խաղաղության առաջին քայլերն են. Արթուր Ավանեսյան


Այսօր կնքված հուշագրերը ուժեղ խաղաղության առաջին քայլերն են. Արթուր Ավանեսյան
Մարտ 25 16:25 2026

Հակառակորդը չի սահմանափակվել Արցախով, ավելին՝ Արցախից հետո նրա նկրտումներն ավելի ագրեսիվ են դարձել։ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական շարժման կազմակերպած Անվտանգության միջազգային համաժողովին հայտարարեց կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, գնդապետ, արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանը։

Ըստ Ավանեսյանի՝ ՀՀ-ի սահմանները երբեք այսքան փոքր չեն եղել։ Եվ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, ըստ նրա, պետք է լինել ավելի ուժեղ, ճկուն և միասնական։

«Ես ուզում եմ մեկ հարց ուղղել այսօրվա իշխանություններին՝ որտեղի՞ց ձեզ այսքան ատելություն սեփական ժողովրդի նկատմամբ, սեփական ազգային արժեքների նկատմամբ։ Ձեզ հավաստիացնում եմ՝ ատելությամբ և պառակտումներով ոչնչի չեք հասնի»,- ասաց նա։

Ռազմական գործիչը նշեց, որ պետք է միշտ պատրաստ լինել պաշտպանվելու և դիմակայելու ցանկացած մարտահրավերների․ «Համաշխարհային անվտանգության համակարգը փլուզվել է, և մեզ նման փոքր պետությունների համար գերակա խնդիր է ունենալ գործուն և կատարելագործված զսպման մեխանիզմներ։ Միջազգային համագործակցությունը դաշնակիցների հետ, հարաբերությունների ընդլայնումը և խորացումը կարող են լինել ի նպաստ անվտանգության համակարգի ամրապնդմանը»։

Ըստ Ավանեսյանի՝ այսօր կնքված հուշագրերը ուժեղ խաղաղության առաջին քայլերն են։ «Մենք ընդլայնելու ենք համագործակցության շրջանակները։ ՀՀ-ին պետք է նոր ուժեղ առաջնորդ, և ես հավատում եմ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին։ Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարաժամկետ և ուժեղ խաղաղություն»,- ասաց նա։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստորագրեց հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS ընկերության հետ։