Բանակը պետք է ֆինանսավորվի ՀՆԱ-ի առնվազն 8%-ով՝ բյուջեն ավելացնելով 1 մլրդ դոլարով. Թաթոյանը ներկայացրեց 6 քայլ՝ «իրական խաղաղության» համար (Տեսանյութ)


Բանակը պետք է ֆինանսավորվի ՀՆԱ-ի առնվազն 8%-ով՝ բյուջեն ավելացնելով 1 մլրդ դոլարով. Թաթոյանը ներկայացրեց 6 քայլ՝ «իրական խաղաղության» համար (Տեսանյութ)
Մարտ 25 12:45 2026

ՀՀ ադրբեջանական ներխուժումների մասին իմ ներկայացրած փաստերը ճիշտ էին և դա հաստատվեց անկախ լրատվամիջոցների հետաքննություններով․ ասուլիսին հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Դրանով մենք ապացուցեցինք, որ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն ստում են և գաղտնի են պահել մեզանից այս ներխուժումը»,- ասաց նա։

Թաթոյանը շեշտեց, որ քննադատելուց զատ, իրենք նաև առաջարկում են լուծումներ, որոնք կբերեն իրական խաղաղություն, և դրա համար հաստատել են 6 քայլ։

Ըստ Թաթոյանի՝ առաջին քայլը կլինի այն, որ իրենց պաշտոնավարման առաջին իսկ օրը ստեղծվելու է հատուկ ռազմական բարեփոխումների հանձնաժողով, որը կլինի վարչապետին առընթեր և կունենա 6 ամսվա մանդատ։

«Հանձնաժողովը կներկայացնի հստակ ծրագիր և կունենա նաև ընթացիկ վերահսկողության ծրագիր»,- ասաց նա։

2-րդ կետով՝ հանձնաժողովին կտրվեն հստակ ժամկետներ և հաշվետվողություն։ «Որպեսզի ցույց տրվի, որ ունենք զսպման կարողություններ պաշտոնավարման առաջին տարիների ավարտին, ինչպես հասնել ռազմական հավասարակշռության մեր հարևանի հետ մեր պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին»,- ասաց նա՝ շեշտելով, որ այս համատեքստում գլխավոր հարցերից է լինելու՝ ինչպես բարեփոխել և արդիականացնել բանակը։

3-րդ կետը, ըստ ծրագրի, վերաբերում է պետական ներդրումներին՝ անվտանգության բնագավառում։ «Մինչև այս հանձնաժողովի կողմից ծրագրի ներկայացումը անհապաղ փոփոխություն կարվի օրենքում և կամրագրվի, որ բանակի ֆինանսավորումը և պաշտպանական ծախսերի ֆինանսավորումը չի կարող լինել ՀՆԱ-ի 8 տոկոսից ցածր։ Այսինքն՝ բանակի բյուջեն կավելանա 1 մլրդ ԱՄՆ դոլարով։ Դրանից բացի՝ այս գումարից կես մլրդ դոլար կուղղվի ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը՝ տեղական կազմակերպությունների զարգացմանը խթանելու նպատակով»,- ասաց նա։

Քայլ 5-րդը կլինի ճշմարտությունը և պատասխանատվությունը․«Մենք իշխանության գալուց անմիջապես հետո հրապարակելու ենք երկու կարևոր զեկույցներ՝ 2016-ի քառօրյա պատերազմի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը այդպես էլ չհրապարակվեց, նաև 2020-ի 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցը։ Ակնհայտ է, որ հատկապես այդ զեկույցը չհրապարակելով՝ իշխանությունները փորձում են թաքցնել իրենց անհաջողությունները»։

6-րդ կետը վերաբերում է «խելամիտ սահմաններին և թվային պաշտպանությանը»։

«Զարկ ենք տալու ժամանակակից բանակի կառուցմանը՝ մարդկային ներուժի հնարավորինս նվազ ներգրավմամբ, բայց լիարժեք սարքավորումների օգտագործմամբ։ Կարևոր է բանակի հետախուզական կարողությունների զարգացումը»,- ասաց նա։