Ադրբեջանը նախատեսել էր 2025-ի մարտին հարձակում գործել ՀՀ-ի վրա. ասուլիսին հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Այս կառավարության հետ համագործակցող Ներսես Կոպալյանը EVN-ի հետ հարցազրույցում հատուկ ընդգծել էր, որ մարտի սկզբին ԱՄՆ հետախուզությունն ուներ հիմնավոր տվյալներ, որ Ադրբեջանը պատրաստվում էր հարձակում գործել ՀՀ-ի նկատմամբ, մասնավորապես՝ Սյունիքի նկատմամբ։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի միջնորդությունը և նրանց ներկայացրած TRIPP-ը պարզապես փրկեց այս իրավիճակը, մեր երկրին և ՔՊ-ին»,- ասաց Թաթոյանը և նշեց, որ ԱՄՆ-ն թույլ չտվեց Ադրբեջանին հարձակվել ՀՀ-ի վրա։
Թաթոյանն ակնհայտ է համարում՝ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն չեն հասկանում, որ Ադրբեջանի պես պետությանը զիջելու դեպքում միայն նոր ագրեսիաներ ես հրավիրում․«Այդ պետությունը դիտարկում է պատերազմները որպես իշխանությունը պահելու գործիք, որի հետևից գնում է այս իշխանությունը։ Զիջումները միայն բերելու են պատերազմ, և դրա լավագույն ապացույցը 2020-2024-ին իրենց բոլոր զիջումներով հանդերձ՝ նույն իրական սպառնալիքն էր»։
Նա մեկ օրինակ բերեց, որ Սահմանադրական հանրաքվեն և փոփոխությունները Նիկոլ Փաշինյանն անում է Ադրբեջանի պարտադրանքով․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ զիջումը անում է այս ձախողված քաղաքականության պատճառով»։










