Իրական քաղաքական գործիչը պետք է վեր կանգնի անձնական շահերից, վեր լինի վրեժխնդրությունից, աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ «Ուժեղ Հայաստանն» իշխանության գա, ի՞նչ գործելաոճ կորդեգրի։
«Եթե ցանկանում ենք ունենալ պետություն, որն ունի ինստիտուցիոնալ հիմք, ոչ թե իշխանության կամքը, որ յուրաքանչյուր պետական առաջնորդ բանտարկվի ապագայում, ապա չպետք է անել այն, ինչ նա (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) է արել»,- ասել է Կարապետյանը։
«Մենք կարծում ենք, որ այդպիսով բացվում է մի դուռ, որտեղ վերջ չկա։ Այդպես ամեն անգամ, ամեն հաջորդ առաջնորդ կբանտարկի նախորդ առաջնորդին»,- հավելել է Նարեկ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ իրավական ամենաթողություն, քաղաքական նպատակներով իրավական հետապնդումներ չպետք է լինեն.
«Մենք դա չենք անի։ Սա է իրական քաղաքական գործչի ուժը՝ դա չանել, ստեղծել իրական, երկարաժամկետ, կայուն ժողովրդավարական երկիր՝ այնպիսի ինստիտուտներով, որոնք գործում են անկախ ղեկավարների փոփոխությունից և ինստիտուտներ, որոնք աշխատում են՝ անկախ նրանից, թե ով է կառավարիչը կամ ով է վարչապետը»։
Նարեկ Կարապետյանը նշել է, որ իրենք կարևոր են համարում նաև սահմանել Հայաստանում երկու ժամկետով պաշտոնավարման սահմանափակում.
«Կայուն ժողովրդավարական պետության համար դա անհրաժեշտ է»։










